Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:41 19-05-2021

ՀՀ-ն ոչ միայն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, այլև սա համարում ենք մեզ համար կարևոր տնտեսական առաջնահերթություններից մեկը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարությունում խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը, հայտարարել է, որ շարունակվում են կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում:

«Գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և մենք շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ դրանք գործարկելու ուղղությամբ»,-ասել է նա:

Նա նշել է, որ իրադրությունը կայուն է, բայց լարված, և անընդունելի մեզ համար: «Որովհետև մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը: Իհարկե, մեր Զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, խաղաղ ճանապարհով: Սա մեր առաջնային մոտեցումը և նպատակն է»,-ասել է նա:

Փաշինյանը հավելել է, որ շարունակվելու է դիվանագիտական ջանքերի գործադրումը։ «Շարունակելու ենք, բնականաբար, աշխատանքը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: Աջակցության խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին, և կոնսուլտացիաներն այս ուղղությամբ նույնպես կշարունակվեն»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի գործողությունները համարում է ապակառուցողական: «Մեր գնահատումն այն է, որ նրանք այս գործողություններով փորձում են վիժեցնել նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրագործումը:

Հունվարի 11-ի հայտարարությունը վերաբերում էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարանցիկ բեռնափոխադրման հարցերի կարգավորմանը: Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն ոչ միայն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, այլև սա համարում ենք մեզ համար կարևոր տնտեսական առաջնահերթություններից մեկը: Բայց նաև ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային» որևէ տրամաբանություն: Մենք խոսում ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին:

Ընդհանուր առմամբ մեր տպավորությունն այն էր և շարունակում է այն մնալ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից գլխավորվող եռակողմ հանձնաժողովը բավական արդյունավետ և կառուցողական աշխատանք է տարել, և մնում է այդ աշխատանքների արդյունքներն իմպլեմենտացնելու մասին մտածել: Եվ տարօրինակ է, որ այդ փուլում իրագործվեց այս սադրանքը»,-ասել է նա:

Փաշինյանը կրկին ընդգծել է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ոչ միայն ընդունելի է ՀՀ համար, այլև կարևոր առաջնահերթություն է, քանի որ Հայաստանն ստանում է երկաթուղային հաղորդակցություն Իրանի և ՌԴ հետ:

«Իհարկե, նաև Ադրբեջանն է ստանում երկաթուղային հաղորդակցություն Նախիջևանի հետ: Խոսքը բեռնափոխադրումների մասին է, իհարկե: Հետագայում, ընդհանուր իրավիճակի կարգավորման դեպքում, կարելի է քննարկել նաև այդ ուղղություններով ուղևորափոխադրումների հարցը: Ինչո՞ւ եմ ասում՝ մենք պետք է տարբերակենք իրարից. որովհետև ճանապարհների բացումը, այո, մեզ համար կարևոր է: Մենք հունվարի 11-ի հայտարարությունն ստորագրել ենք, քանի որ այդ հայտարարությունը բխում է մեր շահերից: Մենք հետևողականորեն աշխատելու ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Բայց հանրային դիսկուրսում փորձ է արվում սա նույնականացնել ինչ-որ «միջանցքների» մասին խոսակցության հետ:

«Միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ-ն չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ հարցի էությունը հենց այսպիսին է, և մենք հենց այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվելու»,-ասել է ն։

Կրկին անդրադառնալով սահմանային իրադրությանը՝ Փաշինյանն ասել է, որ դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: «Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները մայիսի 18-ին քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակում աջակցություն է առաջարկել է Բաքվին և Երևանին սահմանազատման հարցում:

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում հանդես է եկել սահմանազատման և սահմանագծման հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությամբ: