Երևան +15°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:19 18-05-2021

Խաղաղապահները չեն պաշտպանում ադրբեջանական վանդալիզմից․ Համլետ Պետրոսյան

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրով Կրակը Արցախում՝ պատերազմի դաշտում, դադարել է, սակայն հայկական հողի վրա մնացած ու Ադրբեջանի տիրապետության տակ անցած մշակութային կոթողները դեռ շարունակում են պատերազմել իրենց հայկականությունը չկորցնելու համար։ Կոթողների պահպանության, միջազգային հանրության արձագանքի և այս հարցում ռուսական աջակցության մասին Օրագիր.news-ը զրուցել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմաբան, հնագետ, պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ։

- Ինչպե՞ս են միջազգային մշակութապահպան կառույցներն արձագանքում Արցախի, հատկապես Շուշիի հայկականությունը ջնջել փորձող Ադրբեջանի քայլերին։

- Որքան տեղյակ եմ, միակ լուրջ արձագանքը եղել է ամիսներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որն առաջարկել է ստեղծել հանձնաժողով և ծանոթանալ իրավիճակին, ինչին Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել։ Միջազգային որևէ կազմակերպություն, որն առանձնահատուկ վերաբերի այս խնդիրը, կենտրոնանա դրա վրա, ինչ-որ կոնկրետ հայտարարություն տարածի, կարծում եմ, ուղղակի այսօր չկա։

- Ի՞նչ է անում հայկական կողմն այս հարցի լուծման համար։

- Հայկական կողմը բազմաթիվ բողոքի նամակներ է ուղարկում մի շարք կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ԻԿՕՄՈՍ, ԻԿՕՄ, նաև Եվրախորհուրդ, Եվրադատարան և այլն։ Բայց պետք է նշեմ, որ որևէ էական պատասխան, անհանգստություն կամ մոտեցում չկա։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ընտրել է մի քաղաքականություն, որն առաջ է տանելու մինչև իրավիճակը ծայրահեղ չդառնա։ Հիմա եթե նայենք համացանցում առկա նյութերին, Ադրբեջանն իր վանդալիզը, ձևափոխումները ներկայացնում է որպես օկուպանտական ուժերի ներդրումների չեզոքացում։ Իրենք իբրև փորձում են հուշարձաններին վերադարձնել իրենց յուրօրինակ տեսքը։ Նրանք ոչնչացնում են նաև խորհրդային և անկախության տարիների հուշարձանները, որոնք նույնպես համարվում են հայկական օկուպանտների կողմից ստեղծված մի բան, որն իրենք պարտավոր չեն հանդուրժել։ Սակայն, եթե Հայաստանում որևէ մեկը մտածում է, որ այդ կազմակերպությունները պարտավոր են որևէ բան անել, նշանակում է՝ նա լավ չի իրազեկված ներկա իրողություններից։

- Մշակութային կոթողների հարցով ի՞նչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը։

- Ադրբեջանը կարող է և մշակել է կոնցեպտ, ըստ որի՝ այդ տարածքի ողջ ժառանգությունը միանշանակ հայկական չէ, և հայկական նշանները հայերը հատուկ են ներդրել, իսկ իրենք դրանք հանում են։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ Ադրբեջանը չունի մասնագիտական այդ պոտենցիալը, որ կարողանա նմանօրինակ հարցերում գիտական որոշակի հարցեր վիճակել։ Նա չունի այն մասնագիտական հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են որևէ հին հուշարձան վերականգնելու, նրան նախկին տեսքը վերադարձնելու համար։ Գիտեք, սա պարզ ցեղասպանական քաղաքականություն է։ Ադրբեջանի նպատակը եկեղեցին պահել-չպահելը չէ, Ադրբեջանի նպատակն է այդ ողջ տարածքները, ներառյալ Հայաստանը, հայաթափելը։ Այդ ամբողջ քաղաքականության մեջ սա ուղղակի արտաքին դրվագներից մեկն է։

- Գոյություն ունե՞ն այսօրինակ հանցանքները պատժող միջոցներ։

- Իհարկե չունեն։ Ադրբեջանը ստորագրել է մի շարք կոնվենցիաներ, որոնցով ունի պարտավորվածություններ։ Բայց եթե նա չի իրականացնում դրանք, միջազգային կազմակերպությունները հազիվ թե կարողանան նրան զսպելու որևէ լուրջ միջոցառում ձեռնարկել։ Չնայած դա անելու փորձ անգամ չկա։

- Արդյո՞ք մշակութապահպան կառույցների լռությունը կողմնապահություն չէ։

- Ընդհանրապես այդ կառույցները վերպետական կառույցներ չեն։ Դրանք պետություններից ստեղծված, պետությունների ներկայացուցիչների կառույցներ են։ Եվ պատկերացրեք նման կազմակերպության հնարավորությունը։ Երբ նմանօրինակ հարց է քննարկվում, կազմվում է հանձնաժողով, որի մեջ մտնում են ոչ միայն Հայաստանից, այլև Ադրբեջանից, Թուրքիայից, Պարսկաստանից ու հազար ու մի երկրներից ներկայացուցիչներ։ Այսինքն՝ այդ կազմակերպությունների առաքելությունն է առանձին պետություններին աջակցել, հորդորել իրենց երկրի տարածքում պահպանել մշակութային ժառանգությունը, նրանք չեն կարող հրաման տալ, և չեն կարող մշակութային կոթողի պատկանելության հարց վիճարկել, որովհետև որոշումը դրվում է համընդհանուր քվեարկության։ Ես կարծում են, որ Ադրբեջանը նույնպես դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մտածում է, որ նա պաշտպանում է Հայաստանի կողմը։ Այս դեպքում հանդես են գալիս արդեն զանազան ներկայացուցչական մարմիններ և որոշումները կայացվում են ընդհանուր քննարկման ու քվեարկության արդյունքում։

- Ռուսաստանի կողմից Արցախի մշակութային կառույցների մոտ հիմնված ռազմաբազաները պաշտպանո՞ւմ են այդ կառույցներն ադրբեջանական վանդալիզմից։

- Միանշանակ ոչ։ Արդեն իսկ կա տեղեկություն, որ ուդիական համայնքն ուզում է իրենց քահանային բերել Դադիվանք։ Ռուսաստանն ինչքան էլ քաղաքական ազդեցություն ունենա ինչ-որ բան անելու, չի կարող արգելել ուդիներին այնտեղ պատարագ անել։ Ռուսական գործոնը շատ ավելի հայտարարությունների մակարդակով է, ձևական, որովհետև ամբողջ քաղաքականության ամենամեծ մասնակիցներից մեկը հենց ինքը Ռուսաստանն է։

Ամենից շատ դիտված