Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:54 06-08-2022

Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթություն․ Համլետ Պետրոսյան

«Միանշանակ, պարզ և կտրուկ։ Թշնամու նպատակն է վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է հնագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նա հավելում է․ «Ի դեմս Արդբեջանի և Թուրքիայի՝ մենք գործ ունենք մի թշնամու հետ, ով վարում է գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն: Այն ունի իր գերնպատակը` վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ:

Այդ քաղաքականությունն ունի ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում և լուծվում են խնդիրներ: Այդ խնդիրներն ունեն հստակ հերթականություն, լուծման տարբերակներ և փուլեր: 44-օրյա պատերազմով թշնամին հասել է մի նպատակի, հաջողել է հերթական փուլը: Հերթի են դրված հաջորդ խնդիրները և փուլերը: Սա իմ` Հայաստանի քաղաքացու և հետազոտողի անձնական և մասնագիտական փորձառությունն է:

Բայց որպես մշակութաբան ու հայ մշակույթի պատմության մասնագետ՝ ուզում եմ խոսել այն բնագավառից, ինչի մասին ավելի լավ պատկերացում ունեմ: Այս առումով համոզված եմ, որ մշակութային ժառանգության հանդեպ ադրբեջանական քաղաքականությունը վերը նշված քաղաքականության օրգանական մասն է: Այն նույնպես ունի իր գերնպատակը` հայերին ներկայացնել որպես մշակութային ժառանգություն ու պատմություն չունեցող` այսու նաև այս տարածարջանում հայրենիք, հայրենիքի պատմական իրավունք չունեցող, այստեղից-անյտեղից եկած կամ բերված ապաքաղաքական ու ապամշակութային մի զանգված: Այդ քաղաքականությունը նույնպես ունի հստակ սահմանված խնդիրներ, առաջնահերթություններ, փուլաբաժանումներ:

Սա կարևոր, էական, առաջնահերթ քաղաքականություն է: Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, ապա Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը: Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա պահի տակ չի «հնարում», նա սերտել է մանրամասնորեն մշակված մի պրոպագանդիստական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել այդ ժառանգությունը: Իհարկե, հնարավոր չէ իսպառ վերացնել այդ ողջ ժառանգությունը, ինչպես որ կցանկանային, հնարավոր չէ իսպառ վերացնել հայերին, ինչպես որ կերազեին` գոնե ներկա իրավիճակում:

Ուրեմն անհրաժեշտ է ավելի ճկուն, հաշվարկված և արդյունավետ մոտեցում: Հիմքում Արևելյան Հայաստանում (և անշուշտ ի մասնավորի Արցախում և հարակից տարածքներում) հայերի՝ ոչ վաղ անցյալում հայտնվելու հնարանքն է: Դրան նվիրված են հարյուրավոր «գիտական» վարժանքներ, դրանով զբաղվում են ակադեմիաներ և գիտական կենտրոններ` այդ թվում և արտասահմանում: Եթե անցյալ դարի 60-ական թվականներին հայերի «եկվորության» ժամանակը վերագրվում էր արաբական տիրապետությանը՝ 12-13-րդ դարերին, ապա 90-ական թվականներին այն հասցվեց 19-րդ դար: Ըստ այդմ՝ մշակութային այն ժառանգությունը, որ ստեղծվել է մինչև 19-րդ դարը, ակնհայտ հայկական չէ, այն աղվանական ժառանգություն է: Եվ եթե քրիստոնեական կառույցները ծիսապաշտամունքային առումով չեն հետաքրքրում մահմեդական ադրբեջանցիներին, ապա դրանք հենց այն են, ինչ պետք են Արդբեջանի միակ պատմական քրիստոնյա հանրույթին` ուդիներին: Դե 19-րդ դարի որոշ կառույցներ էլ կարելի է վերագրել ուղղափառներին:

Ըստ այդմ`առաջին փուլի ժառանգությունը ենթակա է պահպանության, միայն թե պետք դրանք մաքրել «հետսագույն հայկական հավելումներից», որոնք իբր արվել են հայերի կողմից հատուկ` այդ ժառանգությունը սեփականելու նպատակով: Սա լայն հնարավորություններ է ստեղծում ուղղակիորեն վերացնել ցանկացած ակնհայտ հայկականություն, և իհարկե, նախ և առաջ հայկերեն արձանագրությունները, խաչքարային հորնիվածքները:

Երկրորդ փուլի ժառանգությունը, որը համարվում է նվաճողական, օկուպանտական` ուղղակի ենթակա է վերացման: Դա առաջին հերթին անկախության տարիներին ստեղծված ժառանգությունն է և դրա հետ միասին նաև խորհրդային ժառանգությունը` եկեղեցիներ, խաչքարեր, հուշասյուներ ու հուշարձաններ: Այն ինչ տեսնում ենք այսօր` տեսնելու ենք վաղը, մյուս օրը. քերվելու են հայերեն գրերն ու սիմվոլները, քանդվեու են հայկականը հիշեցնող կոթողներն ու կառւյցները, հետո` եթե հաջողեն` նաև բուն եկեղեցկան կառույցները` երբ «պարզվի», որ Ադրբեջանում չկան այդ կառույցները երկպագողներ: 21-րդ դարի պատմությունը, ինչպես տեսնում ենք, վանդալներին նման հիանալի առիթներ շատ է տալիս:

Եվ կարևոր մի նկատառում էլ: Ադրբեջանը դա թաքուն չի անում: Համոզված եմ, որ այդ ավերումները, բնաջնջումը, ցուցադրական պղծումը հատուկ, պլանավորած պրոպագանդիստական արշավ է, որի առաջնային նպատակն է մշակութային ու հոգեկան տրավմա հասցնել ծանր պարտություն կրած հայերին: Վերքի վրա պիտի հա աղ լցնել: Հայերը պիտի համոզվեն, որ այն ժառանգությունը, որ համարում են իրենցը, իրենցը չէ: Եվ եթե անգամ համոզված են, որ իրենցն է, ապա թող հասկանան, որ այդ ժառանգությունն անզոր է, այն որևէ կերպ չի կարող օգնել իրենց, համախմբել կամ զորավիգ լինել: Ի վերջո ու՞մ է պետք այն ժառանգությունը, որ միայն տրավմա կարող է բերել:

Հիմա Բերդձորում, Աղավնոյում և Սուսում փորձում են տարհանել կոթողները...»։