copy image url
Խոսք 2 տարի առաջ - 10:50 06-05-2021

Միջազգային հանրությունը կարծես իր վրա է վերցնում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու գործառույթը. Անդրիաս Ղուկասյանը

lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

-Նախկին իշխանությունը ներկայացնող բոլոր քաղաքական ուժերը մասնակցելու են ընտրություններին: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք սպասվող ընտրություններից, նորից դրանք լինելու են նախկինների և ներկաների միջև՞:

-Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև դիսկուրսը, Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև դիսկուրսը կարող է լինել միայն «ով է մեղավոր, ով է պատասխանատու մեր պարտության, մեր ձախողումների համար» շրջանակում: Դեպի առաջ հայացք, տեսլական, թե ինչպես հարկավոր է հաղթահարել այս ճգնաժամը, ինչպես հասնել Արցախի անկախության ճանաչմանը, տարածքային ամբողջականության վերականգնմանը, ինչպես վերականգնել Հայաստանի արտադրությունը, գյուղատնտեսությունը, բարելավել առողջապահությունը, այս հարցերը ստվերվելու են: Ես դրա համար եմ համարում, որ այն, որ Հայաստանում չընդունվեց օրենք, որը կարգելեր իշխանության յուրացման և ընտրությունների կեղծիքով զբաղվող քաղաքական գործիչների մասնակցությունը ընտրություններին և պետական պաշտոններ զբաղեցնել, դա բերելու է նրան, որ մենք ստիպված ենք լինելու այս ընտրություններում գտնվել այս բանավեճի ազդեցության տակ, որն, իմ կարծիքով, ոչ պրոդուկտիվ է և բացասաբար է ազդելու ընտրությունների վրա:

-Այսինքն, մենք չենք կարող այլ որակի խորհրդարան ակնկալել:

-Ոչ, բայց ես չեմ կարծում, որ դրանով սպառվում են բոլոր մասնակիցները: Այսինքն մասնակցելու են այլ ուժեր նույնպես, օրինակ Հայ կառուցողական կուսակցությունը մասնակցելու է, և մենք հանրությանը դիմելու ենք, մոբիլիզացնելու ենք ընտրողներին մի այնպիսի ծրագրի շուրջ, որը մեր երկիրը կարող է դուրս բերել այս ճգնաժամից: Էլի կլինեն այսպիսի մասնակիցներ: Հիմա մենք գտնվում ենք դաշինք ձևավորելու բանակցությունների փուլում, որպեսզի միասնական գնանք ընտրությունների: Եթե հաջողվի, դա ևս մեկ ազդակ կլինի հանրությանը, որ քաղաքական ուժերը համախմբվել են վարչապետի այնպիսի թեկնածուի շուրջ, որի մեջ տեսնում են ներուժ գլխավորել քաղաքական գործընթացը, մեր պետականաշինությունը և արտաքին հարաբերություններում երկրի առաջընթացը, միջազգային մեկուսացումից դուրս գալու առումով: Ես կարծում եմ, որ չի լինի միայն Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, լինելու են նաև այնպիսի ուժեր, որոնք ոչ Նիկոլ Փաշինյանի հետ առնչություն ունեն, ոչ էլ նախկինների հետ: Լինելու են ուժեր, որոնք տարիներ շարունակ պայքարել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ռեժիմների դեմ, և այսօր նույնպես կարող են հանդիսանալ ժողովրդի համար վստահության արժանի ուժեր, որոնց իշխանության գալու դեպքում հանրությունը երաշխավորված կլինի, որ նախկինները չեն վերադառնա: Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանն իրականում այդպիսի հնարավորություններ չուներ՝ արգելել նախինների վերադարձը, մենք դա տեսնում ենք: Պարզվում է, որ իր իշխանության գալը նախապայմաններով էր ուղղորդված, դրա համար Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ շատերը տեսնում էին, որ կադրային քաղաքականությունը չի համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին: Ես նկատի ունեմ ուժային համակարգում բազմաթիվ կադրային նշանակումները: Այդ ամբողջը միֆ դուրս եկավ: Այսօր մեր հանրությունը պետք է ուշադիր լինի այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք ունեն պատմական կենսագրություն, որոնք պայքարել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ, այդ ռեժիմների համար եղել են ռեալ ընդդիմություն: Այդպիսի մարդկանց, իմ կարծիքով, ընտրողները կվստահեն, որովհետև այդ գործիչներն իրականում թույլ չեն տա, որ նախկին ռեժիմը վերարտադրվի Հայաստանում:

-Եվրոպացի 122 պատգամավորներ հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել են ԵՄ ղեկավարությանը: Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել ընդհանրապես:

-Շատ կարևոր հարց է դա: Այս հարցն ունի հումանիտար կողմ՝ օր առաջ այդ մարդկանց գերությունից ազատելն է, բայց ունի նաև քաղաքական նշանակություն, որովհետև տեսնում ենք, որ ուժի սպառնալիքի ներքո կնքված նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մերժվում է միջազգային հանրության կողմից, ԵՄ-ի կողմից և այսօր մենք տեսնում ենք, որ կան գերտերություններ, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, որոնք դեմ են հանդես գալիս, որպեսզի ուժի սպառնալիքի տակ, ուժ կիրառելու ազդեցությամբ Հայաստանին պարտադրվեն ինչ-որ պայմաններ: Հայաստանի ղեկավարությունն այս հարցում լուռ է, բայց միջազգային հանրությունը կարծես իր վրա է վերցնում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու գործառույթը: Սա օրինաչափություն է, որովհետև եթե Հայաստանում իշխանությունները ինչ-ինչ պատճառներով հայտնվել են այն վիճակում, որ մեր ժողովրդի շահերը չեն կարող պաշտպանել, այնպես չէ, որ աշխարհը չի տեսնում այդ իրավիճակը, և այնպես չի, որ աշխարհը համաձայն է, որ Հայաստանը այսպիսի ազդեցությունների տակ մնա: Դրա համար արվում են այդ քաղաքական քայլերը, որի մասին նշեցիք, և բազմաթիվ այլ քայլեր, ինչը նաև մեր հասարակությանն ուղերձ է, որ թեզը, թե Հայաստանը բացի Ռուսաստանից ոչ մեկին պետք չէ, և եթե մենք փորձենք զարգացման այլ ճանապարհ ընտրել, ապա մեզ կոչնչացնեն, այդ թեզը սուտ է: Դա կատարյալ սուտ է, որի վրա կառուցված էր այս ողջ տարիների ընթացքում կրիմինալ ուժերի քարոզը, և որը մեծ հաշվով շարունակում է սպասարկել այսօրվա իշխանությունը:

-Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը օրերս հայտարարել էր, որ ԼՂ բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է: Ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հարցում ամենաակտիվը Ֆրանսիան է:

-Այո, Ֆրանսիայի դիրքորոշումը մենք գիտենք նոյեմբերի 25-ին ընդունած Սենատի բանաձևից, երբ բոլոր կուսակցությունները կոնսենսուսով իրենց կարծիքը արտահայտել են, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչվի, Արցախի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ անվտանգության գոտում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր։ Մինսկի խմբի գործընթացի վերականգնումը հենց գործառույթ է այդ ուղղությամբ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձում էին Մինսկի խմբին երկրորդական նշանակություն հաղորդել, որ այն պետք է զբաղվի հումանիտար օգնության կոորդինացիայի հարցերով, բայց դա այդպես չէ: Մինսկի խումբը կարգավիճակը որոշելու համար ստեղծված միջնորդական ատյան է: Ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան պատրաստ չեն իրենց իրավասությունները զիջել Ռուսաստանին, ոչ մեկը պատրաստ չի Ադրբեջանին ինչ-որ զիջումներ անել: Նման պայմաններում, այո, սա ևս մեկ փաստարկ է առ այն, որ միջազգային հանրությունն այսօր պատրաստ է պաշտպանել այն շահերը, որոնք համընկնում են մեր ազգային շահերի հետ: Այդ թեզը, թե Հայաստանը ոչ մեկին պետք չի, կատարյալ սուտ է:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով

Ձեզ գուցե հետաքրքրի