Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:45 02-02-2021

ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԵՂԵԼ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ

Հայաստանում 2020 թվականին լրագրողների ու լրատվամիջոցների դեմ դատական հայցերի քանակը 2019 թվականին նվազել է: Եթե 2019 թվականին 94 հայցադիմում է եղել, ապա 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 82: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նա նշել է, որ, թեպետ, ընդհանուր ցուցանիշի նվազում է նկատվում, սակայն, ամեն դեպքում կարելի է ասել, որ լրատվամիջոցների դեմ դատական գործընթացներ սկսելու 2019 թվականի միտումը շարունակվել է նաև 2020 թվականին:

«Եթե հաշվի առնենք, որ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր մեր երկիրը զբաղված էր պատերազմական ու դրա հետ կապված խնդիրներով, ապա, կարծում ենք, որ դրանով էր պայմանավորված, որ լրատվամիջոցների դեմ դատական գործերի հոսքը նկատելի պակասեց: Ամեն դեպքում տարվա առաջին երեք եռամսյակի տվյալներով, տեսնում ենք, որ 2019-ի միտումը պահպանվել է»,- ասել է Աշոտ Մելիքյանը:

Ինչպես նախորդ տարիներին, 2020 թվականին ևս լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացրած դատական հայցերի ճնշող մեծամասնությունը եղել է ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի և զրպարտության հիմքով: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն, 2013 և 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է։ Դա պայմանավորված է համացանցի և սոցիալական մեդիայի սրընթաց զարգացմամբ, ինչը Հայաստանում համընկավ հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների հետ, որոնք զուգորդվեցին պայքարի մեջ մտած ուժերի և նրանց համակիրների կողմից լայնորեն կիրառվող ատելության խոսքով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով ու զրպարտությամբ։ Այս ամենը տեղափոխվեց նաև ավանդական լրատվամիջոցներ, ինչն էլ հանգեցրեց դատական գործերի հոսքի աննախադեպ ավելացմանը։

«Թեպետ այլ հիմքով հայցերը քիչ են, բայց դրանք էլ բավական հետաքրքիր են նախադեպերի առումով: Մենք գիտենք, որ հաճախ լրագրողների իրավունքները խախտվում են հենց խմբագրության ներսում: Դա կարող է լինել առանց պայմանագրի աշխատելը, ժամանակին վճարովի արձակուրդ չտրամադրելը, հիվանդության ժամանակ չվճարելը: Հիմա մենք տեսնում ենք, որ լրագրողները նաև այս հարցերով են դիմում դատարան իրենց իրավունքները պաշտպանելու: Այս տեսանկյունից դատական նախադեպեր ստեղծելը կարևոր է»,-ասել է Աշոտ Մելիքյանը:

Իրավաբան Դավիթ Ասատրյանի խոսքով՝ 2019-2020 թվականի տվյալները 2012-2013 թվականներին կատարված հետազոտության հետ համեմատլով, կարող ենք արձանագրել, որ բարձրացել է դատական ակտերի որակը, պատճառաբանությունների, հիմնավորվածությունների մակարդակը:

«Զանգվածային լրատվության միջոցներն ավելի լավ պաշտպանության միջոցներ են կիրառում, որոշ դեպքերում առկա է փաստաբանի մասնակցությունը: Ընդհանուր առմամբ, դրական միտում կա, բայց, ամեն դեպքում տեսնում ենք, որ կան հիմնավոր խնդիրներ: Բարելավումների համար մենք ներկայացնում ենք առաջարկներ»,-ասաց Դավիթ Ասատրյանը:

Նշված խնդիրներից է այն, երբ դատարանները տարաբնույթ մեկնաբանություններ են տվել արատավորող արտահայտությունների հիմքում ընկած փաստերի և գնահատող դատողությունների վերաբերյալ։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները պահանջում են, որ նման դեպքերում կիրառվեն միատեսակ մոտեցումներ։ Այս պահանջին չհետևելը հանգեցնում է անձանց իրավունքների խախտման։ Վիրավորանքի և զրպարտության գործերով կայացված դատական ակտերը հաճախ թերի են պատճառաբանված։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների ակտերի չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը համարել է անձի արդար դատական քննության իրավունքի խախտում: