Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
Հայաստանում լայնորեն գովազդվում է նոր կենսաչափական անձնագիրը։ Սա տարօրինակ է, որովհետեւ անձնագիրը պետական փաստաթուղթ է, այն ըստ էության չունի այլընտրանք, որովհետեւ անհրաժեշտության պարագայում չկա դրան փոխարինող ոչինչ։ Հետեւաբար, նոր դիզայնով ու տեխնիկական նոր պարամետրերով անձնագրի գովազդը չունի ոչ մի իմաստ։ Մինչդեռ այդ գովազդը նաեւ փող արժե, որով կարելի է անել առավել իմաստալից եւ օգտակար ծախս։
Բայց, այստեղ իհարկե միայն քարոզչական էֆեկտ չէ, որ թերեւս հետապնդում է լայնարձակ գովազդը։ Կան թերեւս առավել խորքային էֆեկտի ակնկալիքներ։ Ըստ էության, քաղաքացիների ենթագիտակցության մակարդակում փորձ է արվոմ նոր պարամետրերով ու դիզայնով անձնագրի լայնարձակ գովազդի միջոցով ներդնել առհասարակ պետության «նոր» լինելու զգացում, «նոր» պետության զգացում։
Ներդնել զգացում, որ Հայաստանը սկսում է հենց այդ նոր կենսաչափական անձնագրերով, որ մինչ այդ եղածը ըստ էության այլ պետություն էր։ Եվ, եթե դիտարկում ենք այն նպատակները, որ հրապարակավ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը «Չորրորդ հանրապետության» ստեղծման հավակնության եւ «առաքելության» իմաստով, ապա միանգամայն պարզ է դառնում, թե ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դառնում լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք»։