ՀԷՑ-ն արտոնազրկելուց հետո ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չբացառեց, որ հոսանքի գինն առաջիկայում կարող է բարձրանալ։ «Ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև մի շատ կարևոր խոչըդոտող գործոն կա գալիք տարվա համար։ Գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորում ենք 3 և ավելի ամիս վերանորոգման մեջ պահել, այսինքն՝ 5 ամիս կանգնած է լինելու՝ սովորական 2 ամսվա փոխարեն։ Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը երբ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա»,-նոյեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՀԾԿՀ նախագահի խոսքում քողարկված ակնարկ կա, որ էլեկտրաէներգիայի թանկացման թեմա կարող է բացվել։ Հետևապե՞ս հանրությանը հուզող հարցը մնում է անպատասխան, ե՞րբ և ինչքա՞ն կթանկանա հոսանքը։
ՀԷՑ-ը մեծ եկամտաբերությամբ ենթակառուցվածք է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ակնարկել այն ազգայնացնելու մասին։ Ենթադրելի է, որ նա ազգայնացնելուց հետո կուզենա ավելի մեծ օգուտ քաղել ու թանկացնելու հրահանգ կտա։ Սա թանկացման առաջին տրամաբանական պատճառն է։
ԱԺ ընտրարշավը փաստացի սկսվել է։ ՔՊ-ն մեծ գումարներ է ծախսելու։ Ասֆալտապատելու են երկրորդային ճանապարհները, ջուր են քաշելու ծարավ գյուղերում, բարեգործական լայնածավալ ծրագրեր են իրականացնելու և այլն։ Պոտեցիալ մրցակիցների մի մասն արդեն չի համարձակվում առաջադրվելու մասին մտածել, քանի որ հասկանում է, որ այդքան շատ չի կարող ծախսել, այսինքն՝ չի կարող հավասար մրցակցել։ Ու եթե ՔՊ-ն վերընտրվի, ապա, հավանաբար, կմտածի այդ ծախսերը հետ բերելու մասին։ Եվ սա երկրորդ մեծ պատճառն է, որ 2026-ի ընտրություններից հետո հոսանքը կթանկանա։
Մի քանի անգամ ակնարկվել է նաև, որ ՀԷՑ-ը կարող են վաճառել։ Պոտենցիալ գնորդների պակաս չկա։ Հայաստանի եթակառուցվածների վրա աչք ունի Մոսկվան։ Հիշեցնենք, որ «Էլեկտրիկ Երևան»-ից առաջ այն ռուսներինն էր։ Եվ ՀՀ-ն այն կարող է վերստին ծախել ռուսներին։ ԵՄ-ն «Գլոբալ դարպասներ» նախագծի շրջանակում խոստացել է աջակցել Հայաստանին ենթակառուցվածները զարգացնելու հարցում։ Պոտենցիալ գնորդ է Ֆրանսիան։ ԱՄՆ-ի հետ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով ևս նախատեսվում է զարգացնել ենթակառուցվածքները։ Եթե ռուսները գնեն, ապա միանշանակ կբարձրացնեն, քանի որ շարունակվող պատերազմի համար նրանց շատ է փող պետք։ Եթե ԵՄ-ն գնի, ապա ևս հնարավոր է՝ կթանկացնի, որ արդարացնի իր ներդրումները Հայաստանում։ Բիզնես մտածողություն ունեցող Թրամփը ևս կարող է թանկացնել, եթե ամերիկացիները գնեն։ Այսինքն՝ ՀԷՑ-ը վաճառելու պարագայում հոսանքի թանկացում է սպասվում, քանի որ նոր սեփականատերը կուզենա արագ հետ բերել ներդրված գումարը։
Կարճ ասած՝ հոսանքի թանկացման մի շարք օբյեկտիվ պատճառներ կան։ Եվ դրանք բոլորն էլ քաղաքական աստառ ունեն, բոլոր դեպքերում էլ ՀԾԿՀ-ն միայն կարող է որոշ ժամանակ՝ մինչև 2026-ի ընտրությունները ձգձգել թանկացման մասին որոշումը, որը, հավանաբար, կընդունվի 2026-ի օգոստոս-սեպտեմբերին։ Թանկացումը, ենթադրաբար, տեղի կունենա փուլերով։ Առաջին փուլով կթանկանա մոտ 5 դրամ, որի դեմ հանրային բողոք չի բարձրանա։ Մի քանի ամիս անց կթնականա ևս 10 դրամ, և այդպես շարունակ մինչև սպառողի համբերության բաժակը կլցվի։
Թաթուլ Մկրտչյան