Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Երևանի 3 և Վաղարշապատի 1 բնակիչ անօդաչու թռչող սարքերի միջոցով պարբերաբար արգելված իրեր են փոխանցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց։
Նույն տեղեկությունների համաձայն՝ վերջիններս նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, 2 անօդաչու թռչող սարքերի միջոցով կրկին արգելված իրեր են փոխանցել ազատազրկված անձանց, բացի այդ՝ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 03։00-ի սահմաններում, պատրաստվում են նորից գործարկել անօդաչու թռչող սարքը։
Այդ կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից վերոնշյալ անձինք բջջային հեռախոսներ և թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իրենց տրանսպորտային միջոցի հետ միասին տեղափոխվել են Վաղարշապատի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է 6 բջջային հեռախոս, իսկ մեքենայի կողքից՝ 2 պայուսակ, որոնց մեջ առկա են եղել 2 անօդաչու թռչող սարք, 1 բջջային հեռախոս և 1 wi-fi սարք։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։