Ուղիղ եթեր
Ներքին 57 րոպե առաջ - 11:55 17-11-2026

Քաղաքական հետապնդում և երկակի ստանդարտներ․ Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասին

Այս պահին ընթանում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ՝ հունիսի 6-ին, տարածվել էր անհայտ ծագման և մոնտաժված մի տեսանյութ, որում, իբր, Ավետիք Չալաբյանը օտարերկրացուն հորդորում էր ազդել տեղի հայերի վրա՝ նրանց քվեարկությանը մասնակցելու նպատակով։
Տեսանյութի հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ինչի արդյունքում հունիսի 24-ին Ավետիք Չալաբյանը կալանավորվել է։

Երկամսյա պայքարի և հանրային աշխատանքի արդյունքում, ինչպես նշում է Սողոմոնյանը, հաջողվել է հասնել նրան, որ Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառվի, և նա ազատ արձակվի։ Այդուհանդերձ, քրեական վարույթը շարունակվում է։

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ կալանքի տակ գտնվելու ամբողջ երկու ամսվա ընթացքում Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն՝ վկաների հարցաքննություն, առերեսում կամ այլ քննչական միջոցառում, չի իրականացվել։

«Սա ընդդիմադիր գործչին պատժելու, նրա քաղաքական հայացքների ու գործունեության համար հետապնդելու և խտրականության ենթարկելու արդեն սովորական դարձած գործընթաց է»,- նշել է Սողոմոնյանը։

Նրա գնահատմամբ՝ այս գործով դրսևորվում են խափանման միջոցների անհամաչափություն և երկակի ստանդարտներ։

Որպես օրինակ՝ Սողոմոնյանը մատնանշել է «Օրագիր նյուզ» կայքի խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացված բռնությունը՝ նշելով, որ վերջինս ցերեկային ժամերին երեք անձի կողմից դաժան ծեծի է ենթարկվել և կողոսկրի կոտրվածք ստացել։ Նրա խոսքով՝ հարձակվողները տեղափոխվել են ոստիկանության բաժին, սակայն կարճ ժամանակ անց ազատ են արձակվել։

«Այն դեպքում, երբ առկա է ակնհայտ և տեսանելի հանցագործություն, մարդկանց թողնում են ազատության մեջ, իսկ մոնտաժված ձայնագրության կամ անհիմն մեղադրանքների հիման վրա, ինչպես Չալաբյանի կամ Արսեն Գևորգյանի ողբերգական դեպքում, մարդկանց կալանավորում են»,- ասել է Սողոմոնյանը։

Շարունակելով իր խոսքը՝ նա ընդգծել է, որ, իր գնահատմամբ, այս ամենի նպատակն է քաղաքական դաշտից դուրս մղել ազդեցություն ունեցող ընդդիմադիր գործիչներին կամ նրանց գործունեությունը սահմանափակել իշխանությունների թույլատրած շրջանակներով։

«Սա համակարգը նմանեցնում է հին արևելյան բռնատիրությունների ժամանակներին»,- եզրափակել է Մենուա Սողոմոնյանը։