Ախուրյան խոշորացված համայնքի Կապս բնակավայրում նորոգված ճանապարհը կրկին քանդել են․ փողոցը, որը պետք է լուծեր բնակիչների ճանապարհային խնդիրները, փաստացի նորոգումից հետո նորից վերանորոգման կարիք է առաջացրել։
Խոսքը դեպի դպրոց տանող փողոցի մասին է, որի լայնությունը, ըստ բնակիչների, մոտ 3.8 մետր է։ Գյուղացիները դժգոհել են, որ ճանապարհը չափազանց նեղ է, և դրա պատճառով առօրյա երթևեկությունը անհարմար է դարձել։
«Շարժվելու տեղ չկա, մեքենա կանգնեցնելու տեղ չկա»,– դժգոհում են բնակիչները։ Նրանց խոսքով՝ ճանապարհի նորոգումից հետո ակնկալում էին, որ փողոցն ավելի հարմարավետ ու անվտանգ կդառնա, սակայն աշխատանքների արդյունքում լայնության խնդիրը չի լուծվել։ Բնակիչների բողոքից հետո որոշում է կայացվել կրկին քանդել ճանապարհի մի հատվածը՝ այն լայնացնելու և նորոգելու նպատակով։
Ստացվում է՝ նորոգված ճանապարհը կրկին քանդվում է, որպեսզի իրականացվեն այն աշխատանքները, որոնք, ըստ էության, պետք է հաշվի առնվեին դեռևս առաջին նորոգման ընթացքում։ Բնակիչների գնահատմամբ՝ ստացվել է այնպես, որ «ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանել»։ Մանևամասները` տեսանյութում։