Ուղիղ եթեր
Ներքին 52 րոպե առաջ - 19:26 06-11-2026

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովների միջև հանդիպում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի միջև հանդիպումը։

Կողմերը ողջունել են hանձնաժողովների աշխատանքների վերսկսումը և ընդգծել պետական սահմանի սահմանազատման գործընթացի կարևորությունը՝ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են արտահայտել շարունակական երկխոսության միջոցով և կառուցողական ոգով գործընթացն ավարտին հասցնելու հարցում։

Հանդիպման ընթացքում Կողմերը նաև մտքեր են փոխանակել իրավական շրջանակի, այդ թվում՝ նախկինում համաձայնեցված արձանագրությունների և հետագա հնարավոր լրացուցիչ քայլերի շուրջ, որոնք առավել կդյուրացնեն գործընթացի սահուն ընթացքը։

Կողմերը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի շարունակականությանն ու հանձնաժողովների հետագա աշխատանքներին առնչվող հարցեր։