SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի անբարեկարգ, մարդաբոյ փոսերով հարուստ ճանապարհի մասին, երբ ամռանը փոշին, աշնանը ցեխաջրերը, իսկ ձմռանն էլ մերկասառույցը վարորդների համար դարձել էին պատուհաս։
Նույնիսկ մի քանի անգամ վարորդներն ի նշան բողոքի փակել էին ճանապարհը, մինչև որ նրանց հետ չէր հանդիպել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ով խոստացել էր, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ինքը իրավիճակի մասին կտեղեկացնի։
Որոշ ժամանակ անց էլ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ կառավարությունը խոշոր չափի գումար է ներդնելու, որպեսզի այդ ճանապարհը հիմնանորոգվի, ինչը վարորդների մոտ հույս էր առաջացրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 6-ին, նշված վայրում կարծես թե աշխատանքները «մեռած» լինեն։
Մի քանի վարորդներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում՝ ասելով․ «Քանի տարի է՝ էս ճանապարհը մեզ համար դարձել էր ոչ բարվոք։ Ամեն Աստծո օր ավտոմեքենաներ էին ջարդվում, անիվներ էին պայթում, իսկ երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մեծ թափով աշխատանքները սկսվելու են, շատ ոգևորվեցինք ու ուրախացանք, բայց ինչ իմանայինք, որ այդ ամենը 2-3 ամիս կտևի։ Հիմա արդեն 6-րդ ամիսն է լրանում՝ աշխատանքները տեղում դոփում են։
Էլ չենք ասում, որ փոշին խեղդում է մեզ։ Չգիտենք, երևի թե նորից դիմենք ծայրահեղ միջոցի ու այդ ամենը նաև փոխանցենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը գոնե միջամտի, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնեն»։
Մանրամասները՝
shamshyan.com կայքում։