Օրերս Գնդեվազի մոտ միջադեպ էր տեղի ունեցել, երբ հանքում աշխատող մեքենաներից մեկը վնասել էր Ջերմուկ տանող գազատար խողովակը։
Տեխնիկական այս վթարը բնապահպանական համայնքի կողմից դիտարկվում է որպես ծրագրի անվտանգության երաշխիքների և «կառավարելի ռիսկերի» մասին թեզի ձախողում, մինչդեռ Լիդիանը վստահեցնում է, որ Ամուլսարի շահագործման հսկայական ռիսկերը կարող են կառավարել։
Այս իրավիճակին և դրանից բխող երկարաժամկետ վտանգներին անդրադարձել է բնապահպան Սիլվա Ադամյանը:
Բնապահպանի խոսքով՝ ընկերության հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը. «Այս գազատարի խնդիրը, իհարկե, շատ լուրջ է: Երբ ընկերությունը սովորական տեղափոխման աշխատանքների ընթացքում արդեն իսկ վնասում է գազատարը, դա խոսում է այն մասին, որ իրենց կողմից հայտարարված «կառավարելի ռիսկերը» իրականում տարրական մակարդակում անգամ չեն կառավարվում: Էլ չեմ խոսում այն խնդիրների մասին, որոնց մասին բոլորս գիտենք»։
Նա ընդգծում է, որ եթե ընկերությունը ձախողում է նման պարզ տեխնիկական գործողություններում, ապա ցիանիդի կիրառմամբ ոսկու կորզման և տեղափոխման փուլերում վտանգները դառնում են անկանխատեսելի. «Մենք գիտենք, որ վերամշակումն ու ողջ գործընթացը կատարվելու է ցիանիդով, և այդ նույն ճանապարհներով անցնելու են ցիանիդ տեղափոխող մեքենաներ: Ինչպես են իրենք կառավարելու այդ ռիսկը կամ ինչպես են ապահովելու անվտանգությունը: Այսպիսի լուրջ խնդիրներ կան: Էլ չեմ խոսում այն մասին, որ խորքային ջրերի ու Սևանա լճի հիմնախնդիրը իրենց շրջակա միջավայրի փորձաքննության (ՇՄԱԳ) մեջ կա՛մ ընդհանրապես արտացոլված չէ, կա՛մ ներկայացված է շատ հպանցիկ: Բնապահպաններն անդադար ահազանգում են, որ այս ռիսկերն ուղղակիորեն անխուսափելի են լինելու»։
Անդրադառնալով «Լիդիան» ընկերության կողմից ռիսկերի մշտական ժխտմանը՝ Սիլվա Ադամյանը հիշեցնում է, որ աշխարհում չկա որևէ տեխնոլոգիա, որն ի զորու է լիովին բացառել հանքարդյունաբերական աղետները: Որպես օրինակ նա վկայակոչում է Ասիական զարգացման բանկի կազմակերպած քննարկումներից մեկը, որտեղ ներկայացվել են անկառավարելի դարձած ռիսկերի իրական հետևանքները։
«Այս մարդիկ հենց գլխից ասում են՝ մենք ամեն ինչ կառավարում ենք: Սակայն պետք է հասկանալ, որ ոչ մի հանքարդյունաբերող, նույնիսկ ամենալավագույն տեխնոլոգիաներով աշխատողը, չի կարող կառավարելի դարձնել բոլոր ռիսկերը. աշխարհում նման բան չկա: Վերջերս մասնակցում էի Ասիական զարգացման բանկի կազմակերպած հանդիպմանը, որտեղ խոսվում էր հենց այն մասին, թե ինչպես պետք է ֆինանսավորող բանկը կամ ընկերությունը լեզու գտնի տեղի բնակչության հետ, երբ ռիսկերն անկառավարելի են դառնում և խնդիրներ են ծագում: Մեզ այնտեղ մի սարսափազդու տեսարան ցույց տվեցին, թե ինչպես է անկառավարելի ռիսկի պատճառով ամբողջ պոչանքը լցվել գյուղը և այն հավասարեցրել գետնին»,- ասում է բնապահպանը։
Բնապահպանի համոզմամբ՝ Ջերմուկի պես եզակի առողջարանային քաղաքի և հարակից ազգային պարկի հարևանությամբ հանքի շահագործման հարցը ընդհանրապես չպետք է մտներ քննարկումների փուլ:
Նա ինքնաքննադատաբար նշում է, որ սխալ է եղել հանրային դիսկուրսը «ռիսկերի կառավարելիության» դաշտ տեղափոխելը. «Եթե աշխարհում նման աղետներ են կատարվում, ինչպես կարող ենք պնդել, թե բոլոր ռիսկերը կառավարելի են: Սա ուղղակի ծիծաղելի է, առավել ևս՝ Ջերմուկի պես առողջարանային տարածքում: Իմ դիրքորոշումը միշտ եղել է հստակ՝ այդ հարցը ընդհանրապես չպետք է քննարկվեր: Քանի որ այնտեղ առողջարանային գոտի է, այդտեղ հանքարդյունաբերության վրա պետք է խաչ քաշվեր։ Բայց մենք դա չարեցինք և հասանք նրան, որ այսօր քննարկում ենք՝ ռիսկերը կառավարելի են, թե ոչ, այն դեպքում, երբ այնտեղ ազգային պարկ ու առողջարան կա: Ես ինձ էլ եմ մեղադրում, որ սխալ ճանապարհով ենք գնացել: Այդտեղ հանքի շահագործումն անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե ինչ է գրված իրենց ՇՄԱԳ-ում»։
Որպես անկառավարելիության ևս մեկ ծանրակշիռ փաստարկ՝ Սիլվա Ադամյանը մատնանշում է տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը և գլոբալ կլիմայական փոփոխությունները, որոնք անկանխատեսելի են դարձնում ցանկացած տեխնիկական հաշվարկ:
«Ի՞նչ կառավարելիության մասին կարող է խոսք լինել, եթե վերջերս այդ տարածաշրջանում 4 բալանոց բավականին ուժեղ երկրաշարժ գրանցվեց, ինչի մասին հայտնեցին հենց պետական ատյանները: Եկեք բոլորս մտածենք՝ ո՞նց կարող ենք դա կառավարել: Ես հարցնում եմ պետությանը, կառավարությանը, բիզնես ընկերությանը և անձամբ վարչապետին՝ պարո՛ն վարչապետ, ո՞նց եք դա պատկերացնում: Ինչպե՞ս կարող է ռիսկը կառավարելի լինել մի վայրում, որտեղ ստորգետնյա ջրեր են, երկրաշարժի գոտի և առողջարան: Կլիմայական այս փոփոխությունների պայմաններում աշխարհում ոչ ոք չի կարող նման ռիսկեր կառավարել: Չգիտենք, թե վաղը եղանակային ինչպիսի պայմաններ կփոխվեն, ինչ հեղեղներ կամ այլ արտակարգ երևույթներ կլինեն»,- եզրափակում է Սիլվա Ադամյանը։
Հասմիկ Մովսիսյան