Միջնորդություն է ներկայացվել, որպեսզի երկու ամսով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացվի, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Անդրադառնալով Խաչատրյանի առողջական վիճակին՝ Սարգսյանը նշեց, որ սեպտեմբերի 2-ից սկսած, երբ իր պաշտպանյալը գտնվել է քրեակատարողական հիմնարկում, թեկուզ մեկ անգամ ոտքի վրա չի կանգնել. «Ինքնուրույն ինքը հնարավորություն չունի կանգնելու, իսկ այնտեղ այդ գործողությունը որևէ մեկը չի անում։
Ցանկացած ոք, ով տեղյակ է առողջական այս խնդրից, գիտի, որ ողնաշարի խնդիր ունեցող անձինք, ովքեր երկարատև պառկած են լինում մեքջի վրա, լրացուցիչ խնդիրներ են առաջանում՝ թոքաբորբ է զարգանում, պառկելախոցեր են առաջանում։ Արդեն իսկ պառկելախոցեր կան, որոնք առաջին փուլում են։ Համապատասխան բժիշկը, երբ այցելել է քրեակատարողական հիմնարկ, ցուցումներ է տվել, թե ինչ գործողություններ պետք է կատարվեն։ Մենք սեպտեմբերի 2-ից սկսած դիմել ենք, որպեսզի տեղափոխեն բժշկական կենտրոն, մինչև այս պահը որևէ անգամ չեն տեղափոխել»։
Դիտարկմանը՝ ի՞նչ պատճառաբանությամբ չեն տեղափոխում, փաստաբանը շեշտեց. «Մի անգամ նշեցին, որ կապ են հաստատել ԲԿ-ի հետ և պարզվել է, որ այն համաձայնությունը, որը մենք ձեռք ենք բերել ԲԿ-ի հետ, չի հաստատվել։ Անձնական հարց կա, չեմ կարող ասել։ Սակայն կա հիմնական բուժող բժիշկ և հիվանդանոց, որտեղ պետք է տեղափոխեն և հետազոտություններ անցկացնեն։ Մենք նոր բժշկի անուն ենք գրել և խնդրել ենք, որպեսզի տեղափոխեն։ 10 օր է՝ սպասում ենք, սակայն որևէ տեսակի արձագանք չունենք»։
Ըստ նրա՝ ամեն ինչ բյուրոկրատական ռեժիմով է տեղի ունենում. «Այստեղ գործ ունենք անձի կյանքի հետ ու կարևոր չէ, թե ով է նա։ Այստեղ անուններով չպետք է շարժվենք։ Կա անձ, ով առողջական խնդիր ունի և գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Հենց հիմա Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են դատարան միզապարկի կատետրով։ Նրան ընդամենը խնամակալ են նշանակել, ով գալիս է և փորձում սնունդը մոտեցնել, որոշակի փափոխություններ է անում մահճակալում, սակայն դա բուժում չէ»։
Նա ավելացրեց, որ պատրաստ են այլընտրանքային խափանման միջոցի հարցը բարձրացնել։
aysor.am