Հայաստանի դեղերի շուկայում խնդիրները տարիներով չեն լուծվում։ Քաղաքացիները ստիպված են կենսական դեղերի համար վճարել աստղաբաշխական գումարներ, մինչդեռ հարևան Վրաստանում կամ Ռուսաստանում նույն դեղերը հասանելի են 2-3 անգամ ավելի էժան։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը նշում է, որ լիարժեք ապահովվածության համար շուկայում պետք է լինի մինչև 8000 անուն դեղ, սակայն Հայաստանում գրանցված է ընդամենը 3500–6000 անուն։ Պատճառը, ըստ նրա, ԵԱՏՄ կանոնակարգերով գրանցման բարդ ընթացակարգն է, որը տևում է մինչև մեկ տարի։
Շուկան փոքր է, պետական տուրքերը՝ բարձր, իսկ ողջ գործընթացը սահմանափակվում է սոսկ թղթային ուսումնասիրությամբ, քանի որ պետությունը դեղերի լաբորատոր քննություն չի իրականացնում։ Քանի որ կա պահանջարկ, բայց չկա պաշտոնական գրանցում, Ռուսաստանից, Վրաստանից ու Եվրոպայից դեղերը ներկրվում են անօրինական ճանապարհով։
Չնայած ԵԱՏՄ գրանցամատյանում կա 15 000 անուն դեղ, Հայաստանն արգելում է դրանց ազատ մուտքը առանց տեղական գրանցման։ Արդյունքում՝ Հայաստանում դեղերի ոլորտը փաստացի կառավարում է սև շուկան, իսկ դրա կազմակերպիչները գերշահույթներ են ստանում։
«Մեկ տարի առաջ համադրեցի պետության կողմից սահմանված պարտադիր կենսական նշանակության 700 անուն դեղերի ցանկը իրականում գրանցված դեղերի հետ։ Պարզվեց՝ դրանց 50%-ը Հայաստանում արդեն գրանցում չուներ»,- ասում է Անուշ Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան