Ներքին 56 րոպե առաջ - 15:07 22-10-2026

Կառավարության համար ոչ հաճելի թեմաները տեղ չունեն Cop17-ում

Շիկահողի արգելոցի անտառների հատման և տարածքում ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքների կառուցման խնդիրը մտահոգություն է առաջացրել՝ կապված հատուկ պահպանվող տարածքի և այնտեղ բնակվող կենդանիների բնական միջավայրի պահպանության հետ։

Խնդիրը բարձրաձայնելու և դրա լուծմանն ուղղված քայլեր ակնկալելու նպատակով նախաձեռնության ներկայացուցիչները փորձել են հարցը ներկայացնել COP17-ի շրջանակում, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց մուտք գործել տարածք։

Oragir.News-ի հետ զրույցում Շուշանիկ Հարությունյանը նշեց, որ ոստիկանները բնապահպանական խնդիրները բարձրաձայնել ցանկացող քաղաքացիներին թույլ չեն տվել ներկայացնել իրենց մտահոգությունները, չեն թույլատրել նաև բնապահպան ակտիվիստներին, այդ թվում՝ «Ամուլսար» գրությամբ շապիկներ կրողներին։

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ իրենք Ամուլսարի խնդրի վերաբերյալ ակցիա են իրականացրել COP-ի տարածքի մոտ, և այդ ժամանակ ևս ակտիվիստներին թույլ չեն տվել մոտենալ։

Շուշանիկ Հարությունյանը տեղի ունեցածը որակեց մարդու իրավունքների խախտում՝ ընդգծելով, որ քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա ազատորեն բարձրաձայնել երկրի բնապահպանական և անվտանգային խնդիրները։ Նրա խոսքով՝ խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ, և Շիկահողի արգելոցի խնդիրը նույնպես պետք է քննարկվի ու լուծման ուղիներ գտնի։