Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:30 15-10-2026

Հայաստանը մեկ հոգու բոստան չէ, որ մի օր ձմերուկ դնեք, մյուս օրը ծաղիկ աճեցնեք

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Նախնադարում մարդու իրավունքները ճանաչվում կամ հարգվում էին այն ժամանակ, երբ մարդը պայքարում էր իր իրավունքների համար։ 1948-ի դեկտեմբերի 10-ից հետո՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ, մարդը դարձավ բարձրագույն արժեք, մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ժողովրդավարական պետության պարտականությունը՝ անկախ այն բանից՝ մարդը դրանց համար պայքարո՞ւմ է, թե՞ ոչ։

Այսօր պետական հաստատությունները՝ Սահմանադրական դատարանը, ոստիկանությունը, Դատախազությունը, ՄԻՊ-ը, ԱԺ-ն, չեն տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում Երևանի Շինարարների փողոցում, չեն տեսնո՞ւմ՝ ինչպես են ոտնահարվում քաղաքացիների իրավունքները, ինչո՞ւ չեն արձագանքում, թե՞ սպասում են, որ քաղաքացիները դիմումներ գրեն, նկարագրեն իրավիճակը, մատնացույց անեն իրենց իրավունքների խախտումների դեպքերը, խնդրեն։

Նորմալ, ժողովրդավարական երկրում քաղաքական ինստիտուտները չեն սպասում քաղաքացու աղաչանքներին, այլ միանգամից արձագանքում են։ Հայաստանում այդպես չէ։ Այո, մարդիկ կարող են դիմել դատարան և այլ ատյաններ, սակայն այդ ատյանները, ՍԴ-ն, ԱԺ-ն, ՄԻՊ-ը և այլն, ևս կարող են բացել իրենց աչքերը, տեսնել, թե ինչ է կատարվում փողոցում, նամակ գրել կամ հայտարարություն տարածել՝ ուղղված Երևանի քաղաքապետին, և նկատել, որ քաղաքապետի գործողություններով խախտվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ սեփականության իրավունքը։

Ավելին՝ այս ինստիտուտները ոչ միայն կարող են, այլև պարտավոր են միջամտել, քանի որ նրանք պատասխանատու են սահմանադրական նորմերի, հիմնարար արժեքների պահպանման և պաշտպանության համար։ Հարկ չկա սպասելու քաղաքացու ահազանգին, աղաչանքին։ Այսինքն՝ եթե Հայաստանն իսկապես ժողովրդավարական պետություն է, ապա քաղաքական ինստիտուտները պարտավոր են արձագանքել առանց դիմումի, հայցի, պահանջի։

Պատկերացնենք, որ քաղաքացին հուսահատվի ու ոչ ոքի չդիմի։ Ընդհանրապես՝ ոչ ոք պետական ինստիտուտներին չդիմի իր իրավունքների պաշտպանության հարցով, ի՞նչ է, այդ ինստիտուտները ոչինչ չեն անելո՞ւ։ Եթե այս կարգի անգործության մատնվեն, ապա ժողովրդավարությունը կդադարի գոյություն ունենալ։ Սա՞ ենք ուզում։

Առավել անհասկանալի է ՀՀ նախագահի լռությունն այս հարցում։ Վահագն Խաչատուրյանը հայտնի տնտեսագետ է, քաղաքական դաշտի հնաբնակներից, զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ։ Նրա աչքի առաջ է ստեղծվել ու կայացել պետությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքների, իրավունքների ու նորմերի վրա։ Եվ հիմա նա, որպես սահմանադրական կարգի պահպանման գլխավոր երաշխավոր, ինչպե՞ս է անտարբեր նայում, թե ինչպես են ոտնահարվում քաղաքացիների իրավունքները Շինարարների փողոցում, ինչո՞ւ չի միջամտում ու մի խոսք ասում իր գործընկերոջը՝ Տիգրան Ավինյանին, որ չի կարելի այսպես ոտնահարել սեփականության իրավունքը և վայրենավարի քանդել մարդկանց կրպակներն ու շինությունները։

Կարճ ասած՝ քաղաքական ինստիտուտները պետք է ակտիվ լինեն, կանգնեն սահմանադրական կարգի, արժեքների և նորմերի պաշտպանության առաջին շարքերում, չթաքնվեն իրենց կաբինետներում ու անպատասխանատու կերպով չմսխեն հարկատուների միջոցները։ Տվյալ պարագայում՝ նրանք պարտավոր են արձագանքել, կանգնել Սահմանադրությամբ երաշխավորված՝ քաղաքացու իրավունքների պաշտպանության դիրքերում։ Այդպիսով նրանք ցույց կտան, որ քաղաքական համակարգը կայացած է, արժեքների, օրենքների, նորմերի և իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական պետություն է Հայաստանը, ոչ թե մեկ հոգու բոստան, որ մի օր ձմերուկ դնի, մյուս օրը քանդի ու տեղը ծաղիկ աճեցնի։


Թաթուլ Մկրտչյան