Ներքին 53 րոպե առաջ - 13:13 14-10-2026

Բացահայտեք այս աղաղակող հանցագործությունը, հանրայնացրեք Արարատ Միրզոյանին և միգուցե Վլադիիր Վարդանյանին հավաքագրելու հանգամանքները. Դեմոյան

Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է.

«Նիկոլի Վովան` Սահմանադրական դատարանի նախագահ

Ես, իմ հնարավորությունների սահմանում, ամեն ինչ անելու եմ, բոլոր ջանքերը գործադրելու եմ, որ Վլադիմիր Վարդանյանը դառնա ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։ Սա գրում եմ առանց սարկազմի։ Այս դեպքում մեծ շանսեր կունենանք 2007 թվականին իմ նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտից արժեքավոր գրքերի գողության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում Վլադիմիր Վարդանյանի և իր քավոր Արարատ Միրզոյանի ցուցմունքները հանրայնացնելու համար։

Հիշեցնեմ, որ գողությունն արձանագրվել է 2005 թվականին` Լավրենտի Բարսեղյանի տնօրինության օրոք։ 2007 թ. հունվարին, վերջինս արդեն իմ` որպես ՀՑԹԻ տնօրենի խորհրդական էր նշանակվել և այս գողության կապակցությամբ ինձ տեղեկացրեց, որ գողությունը կատարել են թանգարանի ասպիրանտները, սակայն չեն ցանկացել այդ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնել։

Այդ տարի թանգարանի ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ 2007 թվականի հունիսին հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննված Արարատ Միրզոյանը նույն թվականի նոյեմբերին հավաքագրվել է "Օմեգա" կեղծանվան տակ, ենթադրաբար քրեական պատժից խուսափելու փոխարեն։

Այս պահին Վլադիմիր Վարդանյանի և Արարատ Միրզոյանի` իմ դեմ ներկայացված քաղհայցերով Նիկոլի կողմից ստորացված դատավորները որոշում են կայացրել, որ ես պետք է հերքում հրապարակեմ ու Վ. Վարդանյանին վճարեմ 300.000 ՀՀ դրամ, իսկ քավոր Արարատին` 20.000 ՀՀ դրամ` չհաշված պետտուրքի գումարը։

Ի կատարումն ստորացված ու մարգինալացված դատարանների որոշման, նշում եմ հետևյալը` բացահայտեք աղաղակող այս հանցագործությունը, վերադարձրեք գողոնը թանգարանի ֆոնդերին, հանրայնացրեք Արարատ Միրզոյանին և միգուցե Վլադիմիր Վարդանյանին հավաքագրելու հանգամանքները, որից հետո իրավաչափ կլինի ըստ փաստերի հերքել այն, ինչ ենթակա է հերքման։ Առայժմ ՀՀ արդարադատության մոտ հրաշալի ստացվում է պետական արժեքավոր գույքի հայտնաբերման ու հատուցման իմ քսանամյա պայքարն ուղղել հենց իմ դեմ»։