Սպորտ 33 րոպե առաջ - 22:44 06-10-2026

Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 39-ամյա Լիոնել Մեսսին, պատրաստվում է անցկացնել իր հրաժեշտի հանդիպումը ազգային թիմի կազմում:

Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտում այս գիշեր կկայանա արգենտինացիների ընկերական հանդիպումը Բենինի ընտրանու հետ, որը կնշանավորի համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դարաշրջաններից մեկի ավարտը:

«Ինտեր Մայամիի» հարձակվողը, ով միջազգային կարիերան ավարտելու որոշումը կայացրել էր 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, սոցիալական ցանցերում հուզիչ ուղերձով է դիմել իր երկրպագուներին.

«Եկավ այս պահը: Ես հեռանում եմ խաղաղ հոգով, քանի որ տվել եմ այն ամենը, ինչ կարող էի։ Երկար տարիներ այս մարզաշապիկն իմ երազանքն էր, իմ հպարտությունն ու կյանքը։ Շնորհակալ եմ ինձ այսքան ուժգին սիրելու և աջակցելու համար։ Դուք միշտ իմ սրտում կլինեք»,- ասել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը adidas Football-ի հրապարակած տեսանյութում:

Մեսսին նաև Ինստագրամի իր էջում կիսվել է հավաքականի ճամբարում անցկացրած վերջին մարզման լուսանկարներով՝ մակագրելով. «Հատուկ պահեր, որոնք հաստատ կարոտելու եմ…»։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը Բենինի դեմ խաղին մոտենում է հիանալի մարզավիճակում. այս միջազգային պատուհանի ընթացքում արգենտինացիներն արդեն հասցրել են խոշոր հաշվով ջախջախել Բոլիվիային (4:0) և Բուրկինա Ֆասոյին (7:0)։ Սակայն առաջիկա խաղը զուտ սպորտային իրադարձություն չէ. այն լինելու է մեգա-տոնախմբություն և պատմական էմոցիոնալ հրաժեշտ՝ նվիրված թիմի ավագի անկրկնելի ուղուն:

Մեսսին Արգենտինայի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է դեռևս 2005 թվականի օգոստոսին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում (2:1): Ավելի քան երկու տասնամյակ տևած ուղու ընթացքում նա դարձավ «Ալբիսելեստեի» բացարձակ ռեկորդակիր՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 207 հանդիպում, խփելով 125 գոլ և կատարելով 67 արդյունավետ փոխանցում:

Թեև մեծահասակների հավաքականի կազմում նա երկար ժամանակ մնում էր առանց խոշոր տիտղոսների` զիջելով ԱԱ-2014-ի, ինչպես նաև Ամերիկայի գավաթի 2015 և 2016 թթ. եզրափակիչներում, կարիերայի երկրորդ հատվածում Մեսսին նվաճեց գրեթե հնարավոր ամեն ինչ: Նրա գլխավորությամբ Արգենտինան դարձավ Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (2021, 2024), նվաճեց Ֆինալիսիման (2022), հռչակվեց 2022 թվականի Աշխարհի չեմպիոն և դարձավ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի Մունդիալի փոխչեմպիոն։

Արգենտինա — Բենին պատմական հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի երևանյան ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։ Հանդիպումը կսպասարկի չիլիացի մրցավար Ֆեռնանդո Վեխարը: Սա կլինի ավելին, քան պարզապես ֆուտբոլային հանդիպում. «Մոնումենտալ»-ը վերջին անգամ ոտքի կկանգնի՝ ծափահարելու իր պատմության մեծագույն լեգենդին:

Armsport

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»