Ուղիղ եթեր
Արտաքին 2 ժամ առաջ - 19:37 05-10-2026

Ցույցեր Ստամբուլում` Ադրբեջանի հյուպատոսարանի առջև

Ադրբեջանի դպրոցներում սեպտեմբերի 21-ից ընդունվել է հագուստի նոր կանոնակարգ, որով աշակերտներին արգելվում է «դպրոցական համազգեստի ամբողջականությունը խախտող կամ հանրակրթության աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրեր» հագնել։

Գործնականում այդ դրույթը կիրառվել է նաև գլխաշոր կրող աշակերտուհիների նկատմամբ, ինչի հետևանքով մի շարք դեպքերում նրանց թույլ չեն տվել մուտք գործել դպրոց։ Իրավիճակը լայն արձագանք է ստացել նաև թուրքական պահպանողական և իսլամամետ շրջանակներում։

RegionMonitor–ի հաղորդմամբ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ կատարվողը համեմատել են Թուրքիայում 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռնիստական» հեղաշրջման հետ, երբ աշխարհիկության պաշտպանության անվան ներքո գլխաշոր կրող կանանց նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում կրթական և պետական հաստատություններում։

Այս իրադարձություններով պայմանավորված՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև «Մտքի ազատության և կրթության իրավունքների միության» («Ozgur-Der») համակարգմամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Ակցիայի ընթացքում մասնակիցները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է», «Թող Ադրբեջանում փետրվարի 28-ը չկրկնվի», «Գլխաշորը Ալլահի պատվիրանն է, այն չի կարող արգելվել», «Հրաժարվե՛ք այս սխալից» գրություններով ցուցապաստառներ։

Ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Ահմեթ Քերիմ Արթուքը ելույթի ժամանակ նշել է․
«Աշխարհիկություն պարտադրող քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ դահիճների հետ ցուցադրվող համագործակցության պատճառով այս իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել։ Բաքվի իշխանությունը Գազայում մեր զոհված նահատակների արյանը հավելել է նաև ադրբեջանցի գլխաշոր կրող մեր քույրերի արցունքները։ Հավատացյալների համար եղբայրությունը որոշվում է ոչ թե արյունակցական, այլ հավատքի կապով»։

Միության հիմնադիր նախագահ Հյուլյա Շեքերջին, ելույթում անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդի և իշխանության միջև տարբերակմանը, նշել է, որ «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանությունը չի կարող օգտագործվել որպես ճնշումներն արդարացնող վահան։
Ակցիան ավարտվել է «Տե՛ր կանգնիր քո հավատքին, գլխաշորին և ինքնությանը», «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է», «Թող կոտրվեն հիջաբի դեմ մեկնված ձեռքերը», «Հիջաբի ազատությունը եղբայրության պահանջն է», «Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև», «Կեցցե՛ մեր իսլամական պայքարը» և «Մուսուլմանը չի կարող լուռ մնալ բռնության առջև» կարգախոսների ուղեկցությամբ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
07:48 Բոլսոնարոն հաղթում է դա Սիլվային Բրազիլիայի ընտրությունների առաջին փուլում
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները