Ներքին Տեսանյութ 51 րոպե առաջ - 21:17 30-09-2026

Հայրենյաց գյուղի 19-րդ դարի եկեղեցին դարձել է ուխտատեղի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղում 19-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին տարիներ շարունակ շարունակում է մնալ ոչ միայն գյուղի, այլև հարակից բնակավայրերի բնակիչների ուշադրության կենտրոնում։

Գյուղացիներից մեկի պատմելով՝ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն ունի։ Նրանք հավատում են, որ Սուրբ Աստվածածինն «զորավոր ուժ» ունի, և այդ պատճառով այստեղ մարդիկ գալիս են ոչ միայն եկեղեցական տոներին, այլև իրենց անձնական խնդիրներով, աղոթելու և ուխտ անելու նպատակով։

«Մեր գյուղի եկեղեցին դարձել է ուխտատեղի։ Շատերը գալիս են բժշկվելու»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Հայրենյաց գյուղի բնակիչ Հովհաննես Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելում են նաև հարևան բնակավայրերից։ Ոմանք գալիս են ընտանիքով, ոմանք՝ միայնակ, իսկ որոշ մարդիկ այստեղ այցելելու ավանդույթը փոխանցում են սերնդեսերունդ։

Եկեղեցին կառուցվել է 1800-ականներին և մինչ օրս Հայրենյաց գյուղի հոգևոր կյանքի կարևոր մասն է։ Տեղացիների համար այն պարզապես հին շինություն չէ․ այստեղ կապված են բազմաթիվ հիշողություններ, ընտանեկան պատմություններ և հավատքի հետ կապված անձնական ապրումներ։

Այսօր Հայրենյաց գյուղի 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին շարունակում է ապրել ոչ միայն իր պատմությամբ, այլև այն մարդկանց հավատով, ովքեր ճանապարհ են բռնում դեպի գյուղ՝ աղոթելու, ուխտ անելու կամ պարզապես այս վայրում իրենց հոգևոր հանգստությունը գտնելու համար։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան