Ռուսաստանի դիվերսիոն արշավը ԵՄ երկրներում չի կարողացել հասնել իր նպատակին, հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։ Գրում է
DW-ն։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դիվերսիաները գնալով ավելի «անամոթ» են դառնում։ Մասնավորապես, Գրինկևիչը հիշեցրել է օգոստոսի սկզբին Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը և սեպտեմբերի կեսերին դանիական ուղղաթիռի վրա ռուսական ֆրեգատի կողմից լուսարձակների արձակումը ։
«Սրանք վախ սերմանելու և Ուկրաինային մեր միասնական աջակցությունը խաթարելու փորձերի հստակ օրինակներ են։ Դա չի աշխատում», - ասաց նա՝ մատնանշելով Կոպենհագենի կողմից Կիևին լրացուցիչ օգնության հատկացումը միջադեպից հետո։ «Եթե ձեր երկիրը ենթարկվի հիբրիդային հարձակման, Ուկրաինային աջակցելու ձեր վճռականության ամրապնդումը ցույց կտա ռուսներին, որ նրանց ռազմավարությունը չի աշխատում և նույնիսկ կարող է ստիպել նրանց հրաժարվել դրանից», - հավելեց Գրինկևիչը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամների առջև։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով՝ ռուսական դիվերսիաներին և այլ ապակայունացնող գործողություններին լավագույն հնարավոր պատասխանը Մոսկվային դրանցում ուղղակիորեն մեղադրելն ու Կիևի նկատմամբ աջակցությունն ամրապնդելն է։
«Այս տեղեկատվության հրապարակային բացահայտումը թույլ կտա պետական հովանավորներին իմանալ, որ մենք գիտենք նրանց գործողությունների մասին և կբարձրացնի նման գործողությունների արժեքը նրանց համար», - ասաց Գրինկևիչը։ Նա հավելեց, որ ուղղակի մեղադրանքներից հետո նման պետությունները «կհասկանան, որ իրենց ցանցերը անարդյունավետ են, և որ նրանք պետք է փոխեն իրենց վարքագիծը», ինչը «ինքնին որոշակի զսպող ազդեցություն ունի»։
Գրինկևիչը նաև նշել է, որ «Արևելյան պահակ» գործողությունը, որը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերից՝ Դանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մասնակցությամբ, արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել դաշինքի արևելյան սահմանների անվտանգության վրա։ ««Արևելյան պահակ» գործողությունը մեկնարկելուց ի վեր ռուսական կողմը շատ ավելի զգույշ է դարձել անօդաչու թռչող սարքերին Բալթյան երկրների և Լեհաստանի սահմանները հատելու թույլտվության հարցում», - ասել է նա։