44-օրյայի օրերին սովորական էր դարձել, որ ՊՆ խոսնակը հայտարարում էր մի բան, սակայն իրականությունն այլ էր։ Եվ այդ մասին բոլորը գիտեին։ Այս վատ երևույթը, կարծես, շարունակվում է։
Օրեր առաջ
Oragir.News-ը
գրել էր, որ իր հավաստի տեղեկություններով՝ Տավուշի մարզում իրականացվող սահմանագծման արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրքեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս ռազմավարական նշանակության հենակետերի կորուստը ոչ միայն անվտանգային լուրջ սպառնալիք է ստեղծում գյուղի համար, այլև ուղղակիորեն հարվածում է տեղի բնակիչների հոգևոր ու պատմական ժառանգությանը։
Oragir.News-ին փոխանցված տեղեկություններով՝ նոր սահմանագիծն անցել է հենց բերդավանցիների դարավոր սրբատեղիով։ Այստեղ է գտնվում 10-11-րդ դարերի հռչակավոր Ղալինջաքար ամրոցը, իսկ դրանից ընդամենը 200 մետր հարավ-արևմուտք՝ միջնադարյան եռանավ եկեղեցու ավերակներն ու 12-13-րդ դարերի բացառիկ խաչքարերը։ Փաստացի, թշնամու նոր դիրքերն ու սահմանային սյուները հայտնվել են մեր սրբավայրերի կողքին՝ դրանք դարձնելով խոցելի։
Լրատվամիջոցը հրապարակում է իր ձեռքում հայտնված տեղեկությունը։ Նրա պարտականությունն է իրազեկել հանրությանը, որ մարդիկ իրականությունից չկտրվեն, իրականությանը համարժեք որոշումներ ընդունեն ու դիրքորոշումներ արտահայտեն, ճանաչեն ճշմարտությունը, իշխանություններին, նրանց քաղաքականությունը։ Եթե հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ապա պատկան մարմինը, տվյալ դեպքում՝ ՊՆ-ն, հերքում է այն և լրատվամիջոցից պահանջում է տարածել հերքումը։
ՊՆ-ն, ՊՆ խոսնակը պաշտոնական հայտարարությամբ չեն պարզաբանում հրապարակված տեղեկությանն առնչվող իրավիճակը, ոչ էլ հերքում են։ Պաշտոնական անդրադարձ չեն կատարում նաև սահմանազատման գործընթացի պատասխանատուները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն այս մասին ոչինչ չի հայտարարում։
Ինչո՞ւ պաշտոնական արձագանք չկա այս թեմայով։
Ժողովրդավարության անհրաժեշտ պայմանը հաշվետվողականությունն է։ Ժողովրդավար իշխանություններն ազնվորեն ներկայացնում են ժողովրդին իրականությունը։ Նույնիսկ եթե ինչ-որ վատ բան են անում՝ նահանջում, զիջում և այլն, այդ դեպքում ևս անկեղծորեն ու լիարժեք տեղեկացնում են ժողովրդին, որ ժողովուրդն իրականությունից չկտրվի, չհիմարանա, սխալ բաներ չանի։
Այս նույն ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս չստիկներն ու ատամի խոզանակը։ Գուցե որոշ խումբ մարդկանց հետաքրքրում է սա։ Սակայն ժողովրդին, ենթադրաբար, ավելի հետաքրքրում է ՀՀ սահմանի և սահմանային գոտու պաշտպանվածությունը։ Փաշինյանի օրոք տեղի ունեցած պատերազմների և Հայաստանի դեմ ագրեսիաների արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ հայտնվել են չբարեկամի վերահսկողության ներքո։
Այս համատեքստում պարզ չէ՝ ինչո՞ւ պատկան մարմինները ժողովրդին չեն խոսում Բերդավանի հարակից հատվածի սահմանային դիրքերի իրավիճակի, ՀՀ բանակավայրերի պաշտպանվածության, սահմանազատման ընթացքի, ռիսկերի մասին։ Գյուղը, սրբավայրը, ամրոցը ադրբեջանական դիրքերի թիրախո՞ւմ են, թե՞ ոչ։ Ինչո՞ւ են սահմանի պաշտպանության, սահմանազատման վերաբերյալ տեղեկությունների նկատմամբ այսպիսի անուշադրություն ցուցաբերում։ Թե՞ կարծում են, ժողովուրդն այն աստիճան անհոգ ու երջանիկ է, որ նրան հետաքրքրում են միայն Փաշինյանի հողաթափերն ու ատամի խոզանակը։
Կարճ ասած՝ թեման մնում է չպարզաբանված, բարձրացված հարցերը՝ անպատասխան։ Հետևապես՝ եթե իշխանությունները ժողովրդավար են, ապա պարզ կասեն, թե ի՞նչ իրավիճակ է Բերդավանի սահմանային հատվածում, ադրբեջանցիներն իրենց սահմանային դիրքերը տեղաշարժե՞լ են դեպի ՀՀ տարածք, գյուղը, ամրոցը, սրբավայրը ադրբեջանական դիրքապահի թիրախո՞ւմ են հայտնվել, թե՞ ոչ։
Թաթուլ Մկրտչյան