Ավելին 1 ամիս առաջ - 22:27 26-09-2026

Մաթևոսյանի ԳՈՄԵՇԸ` մի ճամփորդություն դեպի մեր ներսը

«Գոմեշը»՝ Թբիլիսիում․ Հրանտ Մաթևոսյանի խոսքը՝ սահմաններից անդին։

Հրանտ Մաթևոսյանի խոսքը ճանապարհ ունի։ Եվ այդ ճանապարհը վաղուց անցել է Հայաստանի սահմաններից՝ իր ուժով, ժամանակի մեջ պահպանվող ասելիքով և մարդուն ու բնությանը վերադառնալու իր պահանջով։

Սեպտեմբերի 26-ին Թբիլիսիի Սանդրո Ախմետելիի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում ներկայացվել է ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ և դերակատար Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» (The Buffalo) մոնոներկայացումը։

Մոնոներկայացումը բեմադրվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն պատմվածքի հիման վրա և հրավիրված էր մասնակցելու «Tbilisi Pomegranates» («Թբիլիսյան նռներ») կամերային և մոնոներկայացումների 3-րդ միջազգային թատերական փառատոնին։

Այս տարվա փառատոնը, որն անցկացվում է սեպտեմբերի 23-27-ը, նվիրված է Սերգեյ Փարաջանովի արվեստին ու ժառանգությանը։
Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» Թբիլիսիում հյուրընկալվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Մաթևոսյանի ստեղծագործության մեջ Գոմեշը պարզապես կենդանի չէ։ Նա պատմության կենտրոնում հայտնված կերպար է, որի ճանապարհը վերածվում է կյանքի, գոյության, բնության և մարդու փոխհարաբերությունների մասին խորհրդածության։
Անդրեյ Բիտովը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական աշխարհը բնութագրել է այսպես․ «Հրանտը լուսնալույսի մեջ մեռած Շան մտածումն է վրձնել, Ձիու է վրձնել, Գայլի է վրձնել և Տախի (կռտած խոզի)...»։

Եվ այդ նույն շարքում Մաթևոսյանը «վրձնել է» նաև մարդուն՝ անհատականությունների ու բնավորությունների մի ամբողջ աշխարհ ստեղծելով։

«Գոմեշը» հենց այդ աշխարհներից մեկն է։

Գոմեշի ճանապարհը՝ դեպի ամբողջականություն, կարելի է ընկալել որպես ճանապարհ դեպի ինքն իրեն, դեպի գոյության իմաստը։ Այս պատմության մեջ միահյուսվում են բնությունն ու մարդը, հողն ու ջուրը, երկինքն ու երկիրը, ուժն ու խոցելիությունը։

Գոմեշի հայացքով հանդիսատեսը հանդիպում է Նանիին, Բասարին, Գայլին, Մինասին և մյուս կերպարներին։ Նրանց միջոցով բացվում է մի աշխարհ, որտեղ մարդն ու կենդանին, բնությունն ու մարդկային կյանքը գոյության նույն շղթայի մասն են։

Մաթևոսյանի «Գոմեշը» այդ իմաստով ոչ միայն ճանապարհորդություն է, այլև ծես, տոն ու ձոն՝ Աստծո ստեղծած բնությանը՝ միաժամանակ հզոր ու խոցելի, գեղեցիկ ու փխրուն, ուժեղ ու նկուն։

Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումը այդ աշխարհը բերում է բեմ՝ մեկ դերակատարի ներկայությամբ, բայց բազմաթիվ ձայներով, կերպարներով ու ապրումներով։
«Գոմեշը» հանդիսատեսին առաջարկում է ոչ միայն լսել Մաթևոսյանի խոսքը, այլև մտնել նրա ստեղծած աշխարհ՝ Գոմեշի ճանապարհով հասնելով դեպի սեփական ներսը։

Եվ գուցե հենց հիմա է առավել, քան երբևէ, անհրաժեշտ կանգ առնել, նայել մեր ներսին ու մեր շուրջը և փորձել տեսնել այն աշխարհը, որի ներդաշնակությունը դեռևս փորձում ենք վերագտնել։

Մաթևոսյանի խոսքը ճանապարհ ունի։ Եվ այդ ճանապարհը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար