Տագնապը զորամասում էր։ Բայց ինչո՞ւ գաղտնիությունը նույնպես տագնապի մատնվեց։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասում ուսումնական տագնապ է հայտարարել և տեսանյութ հրապարակել։
Oragir.News-ի ռազմական փորձագետը վերլուծել է նախարարի տարածած
տեսանյութը:
Տագնապ հայտարարելն ու զինծառայողների պատրաստվածությունը ստուգելը՝ բանակի բնականոն գործընթաց է։
Բայց բանակի բնականոն գործընթացը հանրությանը ցուցադրելու համար չէ։
Տեսանյութում հանրությանը ցույց է տրվում, թե ինչպես է կազմակերպվում զինանոց հասնելու և զենք ստանալու գործընթացը, ինչպես է կառուցված զինանոցի տարածքը, քանի զինծառայող է հերթ կանգնում և ինչ սպառազինություն է տրամադրվում։
Հարցը շատ պարզ է.
Ի՞նչ է պետք հակառակորդին իմանալ բանակի մասին, որպեսզի մենք ինքներս դա նրան ցույց տանք։
Բանակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի ոչ թե «կարելի՞ է հրապարակել» սկզբունքով, այլ՝ «ի՞նչ ռիսկ է ստեղծում այս հրապարակումը» սկզբունքով։
Հատկապես երբ խոսքը վերաբերում է զինանոցին, զենքի տրամադրման կազմակերպմանը և զորամասի ներքին ընթացակարգերին։
Եվ այստեղ արդեն պատասխանատու հարցեր են առաջանում.
Ո՞վ է նկարահանել։
Ո՞վ է մոնտաժել։
Ո՞վ է ստուգել տեսանյութը։
Ո՞վ է թույլ տվել հրապարակել։
Եվ ամենակարևորը՝ անվտանգության ո՞ր չափանիշով է որոշվել, որ այս ամենը հակառակորդի համար որևէ արժեքավոր տեղեկատվություն չի պարունակում։
Եթե պատասխանը՝ «ոչ մի խնդիր չկա» է, ապա թող դա հիմնավորեն։
Որովհետև բանակի թափանցիկությունը չի նշանակում բանակի ներսը ցուցափեղկ դարձնել։
Հակառակորդը մեր սոցիալական ցանցերի հետևորդը չէ։
Նա դիտում է, համադրում, վերլուծում և օգտագործում նույնիսկ այն տեղեկատվությունը, որը մեզ կարող է աննշան թվալ։
Զենքը զինանոցից վերցնելը ուսումնական տագնապի մաս է։
Բայց զինանոցի կառուցվածքը հանրությանը ցույց տալը՝ արդեն այլ հարց է։
Բանակում ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակվի։
Երբեմն ազգային անվտանգության ամենակարևոր կանոնը շատ պարզ է՝ եթե հակառակորդը չպետք է դա իմանա, մենք էլ չպետք է նրան դա ցույց տանք։