Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 25 րոպե առաջ - 11:35 03-09-2026

Մեր գործերով արդար քննություն չի իրականացվել. իմ քրեական գործը արդեն 16 տարի է՝ նախաքննության փուլում է. սևազգեստ մայր

Մերի Հակոբյան

Լրագրող

Սևազգեստ մայրերից մեկը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրենց քրեական գործերի քննությանը՝ նշելով, որ տարիներ առաջ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրել է իրենց գործերը և ներկայացրել եզրակացություններ։

«Ի վերջո ստեղծվեց հանձնաժողով՝ վեց իրավաբանից կազմված․ երեք իրավաբան՝ մեր կողմից, երեքը՝ վարչապետի կողմից։ Նրանք ուսումնասիրեցին գործերը և յուրաքանչյուր ծնողի տվեցին եզրակացություն։ Իմ եզրակացությունը 81 էջանոց էր։ Ուսումնասիրությունից հետո իրենք էլ համոզվեցին, որ այս քրեական գործերը սպանություններ են։ Աննա Վարդապետյանը, որն այն ժամանակ վարչապետի իրավաբանական խորհրդատուն էր, այդ վեց իրավաբանից կազմված խմբի ղեկավարն էր։

Նա Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է գործերի արդյունքները և, մեր տեղեկություններով, նշել, որ մայրերի պնդումները հիմնավոր են, իսկ քրեական գործերը պետք է վերաորակավորվեն, քանի որ չեն համապատասխանում պաշտոնական վարկածներին։ Մենք՝ տուժող ճանաչված հինգ մայրերս և մեր ներկայացուցիչները, հանդիպել ենք վարչապետի հետ։

Մեր բողոքն այն էր, որ մեր գործերով արդար քննություն չի իրականացվել։ Իմ քրեական գործը մինչ օրս նախաքննության փուլում է։ Արդեն 16 տարի է՝ այն գտնվում է նախաքննության փուլում։ Երբ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, որ այս հինգ քրեական գործերը չեն համապատասխանում պաշտոնական վարկածներին և որ դրանք սպանություններ են, Նիկոլ Փաշինյանը նրան ասել է, որ գլխավոր դատախազի պաշտոնում ստանձնելուց հետո ավելի մեծ հնարավորություններ կունենա գործերն ուսումնասիրելու համար և հանձնարարել է ընթացք տալ դրանց։

Այն ժամանակ վարչապետը մեզ ասում էր՝ մի փաստ բերեք, որ սխալ են, կամ մի փաստ բերեք, որ քննիչը կամ դատախազը կեղծել է։ Մենք նրանց տվել ենք ոչ թե մեկ, այլ հազարավոր փաստեր։ Վարչապետը դրանք փոխանցել է դատախազին՝ հանձնարարելով ընթացք տալ գործերին։ Երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, մենք դիմեցինք նրան՝ խնդրելով ընդունել մեզ և քննարկել հետագա քայլերը։ Նա ասաց՝ «Խնդրում եմ՝ ինձ երկու ամիս ժամանակ տվեք, մամաներ ջան»։ Մենք համաձայնեցինք։ Սակայն այդ երկու ամիսը տարիներ դարձավ։ Նա մեզ չի ընդունել և, մեր գնահատմամբ, այս տարիների ընթացքում մեր գործերով որևէ արդյունք չի եղել։

Աննա Վարդապետյանը նաև Ազգային ժողովի ամբիոնից իր նախընտրական ելույթի ժամանակ անդրադարձել է մեր գործերին և հայտարարել, որ մայրերի պնդումները հիմնավոր են։ Դրանից հետո մենք դիմեցինք նաև պատգամավորներին՝ խնդրելով Ազգային ժողովում բարձրաձայնել մեր պահանջները և պարզել, թե ինչ ընթացք է տրվելու մեր քրեական գործերին։ Մենք նաև հարց ենք բարձրացրել, թե ինչպես կարող են նախկին քննիչներն ու դատախազները բացահայտել այն գործերը, որոնց քննությանը նախկինում իրենք են մասնակցել, եթե նրանք շարունակում են աշխատել համակարգում կամ պաշտոնների են բարձրացվել»։

Տրդատ Սարգսյանը Աննա Վարդապետյանին հարցրել է՝ արդյոք նախկին քննիչներն ու դատախազներն այսօր շարունակում են աշխատել համակարգում։ Վարդապետյանը պատասխանել է, որ ոչ՝ նշելով, որ նրանք կամ անցել են թոշակի, կամ այլևս չեն աշխատում համակարգում։ Սակայն, ըստ սևազգեստ մոր, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութ:
Մերի Հակոբյան