Ներքին 18 րոպե առաջ - 20:54 01-09-2026

Դպրոցական դասագրքերի վարձավճարների «բարի» ավանդույթը. ուր է գնում այդ գումարը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ամեն տարի սեպտեմբերին հանրակրթական դպրոցներում կրկնվում է նույն պատկերը. ծնողները կանգնում են դասագրքերի վարձավճարների և որոշ գրքերի դեֆիցիտի խնդրի առաջ։

Չնայած անվճար հանրակրթության սահմանադրական սկզբունքին, պետական պատվերով տպագրվող գրքերի առկայության պարագայում ֆինանսական բեռը դեռևս մնում է ծնողների վրա։ Սա հատկապես զգալի ծախս է այն ընտանիքների համար, որոնք ունեն մի քանի դպրոցական։

Ինչո՞ւ է այս խնդիրը տարիներ շարունակ մնում անլուծելի, և ո՞ւր են ուղղվում հավաքագրվող գումարները։ Տեսականորեն դպրոցներն ուսումնական տարվա ավարտին հստակ գիտեն, թե հաջորդ տարի քանի աշակերտ է փոխադրվելու հաջորդ դասարան, և ըստ այդմ ներկայացնում են հայտերը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում նշում է, որ աշակերտների թվի անկանխատեսելի աճի դեպքում նույնիսկ խնդիրը կազմակերպչական առումով լուծելի է դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի միջոցով՝ գրքերը տեղափոխելով այն դպրոցներից, որտեղ աշակերտների թիվը նվազել է։ Սակայն փորձագետը նշում է, որ կան նաև օբյեկտիվ գործոններ։ «Իրականում իրավիճակը հաճախ փոխվում է շատ արագ և անկանխատեսելիորեն։

Օրինակ՝ ես գիտեմ մի դեպք, երբ դպրոցի առաջին դասարան է ընդունվել չինացի երեխա։ Պարզ է, չէ՞, որ պետությունը նախապես չէր պլանավորել կամ հաշվարկել, որ տվյալ դպրոցում արտասահմանցի երեխա է սովորելու։ Բացի այդ, կա ներգաղթի և ներքին տեղաշարժի խնդիրը, երբ ընտանիքները տեղափոխվում են այլ երկրներից կամ այլ բնակավայրերից։

Այսինքն՝ ավելացող աշակերտների այս խնդիրը միշտ կա և ունենալու ենք»,- պարզաբանում է Սերոբ Խաչատրյանը։ Փորձագետի խոսքով՝ գրքերի իսպառ բացակայությունը կամ ուշացումը համակարգային այլ խնդիրների հետևանք է, որոնք կապված են նոր չափորոշիչների, տպագրության մրցույթների ձգձգման և հեղինակային խմբերի աշխատանքի հետ։

Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ աշակերտները չեն կարող պարզապես անվճար ստանալ գրքերը գրադարանից և տարեվերջում վերադարձնել։ Սերոբ Խաչատրյանը բացատրում է ներդրումային համակարգի տնտեսական տրամաբանությունը։

«Այդ գումարները հավաքվում են հատուկ նպատակով. դասագրքի արժեքի մոտավորապես 25%-ը աշակերտը վճարում է ամեն տարի։ 4 տարվա ընթացքում այդ վարձավճարներից գոյանում է գրքի արժեքի 100%-ը։ Այսինքն՝ 4 տարի շարունակ գումարը կուտակվում է շրջանառու հիմնադրամում, որպեսզի 4 տարի անց, երբ տվյալ տպաքանակի մաշվածության ժամկետն ավարտվի, այդ միջոցներով հնարավոր լինի տպագրել լիովին նոր գրքեր։ Հետևաբար, այդ գրքերի ու ֆինանսների կարիքը համակարգում օբյեկտիվորեն կա»,- նշում է փորձագետը։

Չնայած մեխանիզմների առկայությանը, երբ պետական համակարգը դանդաղում է, ծնողին այլ ելք չի մնում, քան գիրքը գտնել ազատ շուկայում։ Այդուհանդերձ, ըստ փորձագետի, կա նաև մեկ այլ գործոն․ «Խնդիրը հնարավոր է լուծել, և մեխանիզմները կան։ Բայց կազմակերպչական բացերից բացի, երբեմն ունենում ենք նաև այլ իրավիճակներ։

Լինում են դեպքեր, երբ դպրոցում գիրք չլինելու պատճառով են ասում՝ «գնացեք խանութից առեք», բայց չի բացառվում նաև, որ ծնողն ինքն է ցանկանում գնել։ Մենք ունենք դեպքեր, երբ ծնողն ասում է՝ «ես չեմ ուզում, որ երեխաս օգտագործի ուրիշի մաշված կամ գրոտված գիրքը»։ Նրանք նախընտրում են գնալ գրախանութ և իրենց երեխայի համար գնել լիովին նոր, չբացված դասագիրք»,- բացատրում է Խաչատրյանը։

Թեև սեփական միջոցներով նոր գիրք գնելու ծնողների որոշումը հազվադեպ հանդիպող երևույթ է, ընդհանուր համակարգը դեռևս կարիք ունի կառավարման թվայնացման և դպրոցների ու հիմնադրամի միջև ավելի ճկուն ու օպերատիվ կապի, որպեսզի ընտանեկան բյուջեները զերծ մնան անհարկի ծախսերից։

Հասմիկ Մովսիսյան