Ներքին 3 ժամ առաջ - 18:03 31-08-2026

Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ընդդիմադիր որոշ շրջանակներ հույսեր են կապում Փաշինյան-Պուտին հանդիպման հետ։ ՌԴ որոշ գործիչներ նախօրեին նշել էին, թե ՀՀ և ՌԴ ղեկավարները քննարկելու են նաև քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։

Բիշկեքում վաղը կայանալու է բարձր մակարդակի այդ հանդիպումը։ Մինչ այդ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին, իսկ վերջինս հանդես է եկել 5-կետանոց հայտարարությամբ։ «Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել»,- եզրափակել է Քոչարյանը։ Զուգահեռաբար ասուլիս են հրավիրել երկրորդ նախագահի գրասենյակի ներկայացուցիչները։ Այս ամենը համադրելով՝ ենթադրելի է, թե կա իրական ակնկալիք, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Քոչարյանը և մյուս քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն։

Ինչո՞ւ են ակնկալում, որ Պուտինը կարող է հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրանքով դիմել Փաշինյանին։ Ի՞նչ գնով Փաշինյանը կարող է կատարել Պուտինի խնդրանքը։

Այսպիսի նախադեպեր եղել են այլ երկրների հարաբերություններում։ Օրինակ` նախագահ Թրամփի խնդրանքով Բելառուսում ազատ են արձակվել քաղբանտարկյալները։ Այսինքն՝ նախագահ Լուկաշենկոն կատարել է Թրամփի խնդրանքը։ Ենթադրելի է, որ մի բան էլ Լուկաշենկոն է խնդրել, և Թրամփն էլ կատարել է նրա խնդրանքը։

Հանրության մի մասը կասկած է հայտնում, թե քաղբանտարկյալների մի մասը ռուսամետ են, ռուսական գործակալ։ Եվ Պուտինը, բնականաբար, պարտավոր է խնդրել իր գործակալների համար։

Այլ հարց է, թե դրա դիմաց ի՞նչ կարող է խնդրել Փաշինյանը։

Համարժեքության կամ փոխադարձելիության սկզբունքի պարագայում Փաշինյանը կարող է համարժեք խնդրանքով դիմել։ Մասնավորապես` նա կարող է խնդրել Պուտինին, որ ազատ արձակվեն ռուս քաղբանտարկյալները, քանի որ Փաշինյանը ժողովրդավար և պացիֆիստ գործիչ է և բարոյական պարտք ունի պաշտպանելու այլ երկրների ժողովրդավար և պացիֆիստ գործիչներին։ Իսկ ինչպես հայտնի է, ՌԴ-ում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, որոնց մեծ մասը ժողովրդավար և խաղաղասեր մարդիկ են։

ՌԴ-ում քաղբանտարկյալների հարցի բարձրացումը, հիրավի, համարժեք և հայելային պատասխան կլինի։ Փաշինյանն այդպես կապացուցի, որ իսկապես խաղաղության և ժողովրդավարության նվիրյալ է։ Դրանից զատ՝ կապացուցի, որ ՀՀ-ն անկախ պետություն է, Կրեմլի թելադրանքով չի շարժվում, Ռուսաստանի հետ հավասար հարաբերությունների մեջ է և կարող է համարժեք խնդրանքով դիմել։ Եվ եթե Փաշինյանն ու Պուտինը հավասար թվով քաղբանտարկյալների ազատ արձակեն, ապա Փաշինյանի հեղինակությունը ազատ աշխարհում էապես կբարձրանա, իսկ ռուս ժողովրդավարներն ու խաղաղասերները նրան կհերոսացնեն։

Հոռետեսները, սակայն, կարծիք են հայտնում, թե Փաշինյանն այդքան խիզախություն չունի, որ նման խնդրանքով դիմի Պուտինին։ Ասում են, թե նա իրականում ժողովրդավար կամ խաղաղասեր չէ, նրան միայն իր իշխանությունն է հետաքրքրում։ Այս առումով ենթադրելի է, որ նա հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու դիմաց խնդրելու է, որ ռուսամետ ուժերը աջակցեն ՔՊ-ին՝ ձևացնելով, թե ընդդիմություն են, բայց իրականում սատարեն Փաշինյանին։

Կարճ ասած` Փաշինյանը բացառիկ շանս ունի ցույց տալու, որ իսկապես անկախության պաշտպանության դիրքերում է, ժողովրդավար և խաղաղասեր է։ Խնդրելով ազատ արձակել ՌԴ-ում քաղբանտարկյալներին՝ նա ցույց կտա աշխարհին, որ այլևս ֆորպոստի վարչապետ չէ, ինչպես տարիներ առաջ էր, երբ ինքնամոռաց ու անվերապահ կատարում էր Մոսկվայի խնդրանքները։
Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված