Պատերազմը խլում է կյանքեր, բայց միշտ չէ, որ ունակ է խլելու մարդկայնությունը: Առաջին արցախյան պատերազմի հարյուրավոր ողբերգական տարեգրությունների մեջ կա մի պատմություն, որի մասին այսօր հիշում են միայն մարտական ընկերներն ու համացանցի եզակի արխիվային տեսանյութերը:
Դա տեղի է ունեցել 1993 թվականի փետրվարին՝ առավոտյան ժամը 6-ին, մարտերից հրկիզված Մարտունու պաշտպանական ուղղությամբ՝ Վեյսալու գյուղում: Պաշտպանական շրջանի հետախուզության պետ, Ճարտար գյուղի լեգենդար մարտիկ Ռաջիկ Մարտիրոսյանը, ում բոլորը Սարիբեկ էին անվանում, իր ՀՄՄ-ով (БМП) մարտական առաջադրանք էր կատարում:
Նահանջի քաոսի մեջ, երբ ադրբեջանական խաղաղ բնակչությունը շտապ լքում էր մարտական գործողությունների գոտին, Սարիբեկը ճանապարհին նկատում է, որ ՀՄՄ-ի առջևից մի երեխա է վազում: Դա մի փոքրիկ աղջիկ էր, ով հետ էր մնացել իր հարազատներից: Նա հագին վերարկու ուներ, բայց վազքից ու վախից այնքան էր տաքացել, որ ընթացքում հանեց ու դեն նետեց այն: Այս տեսարանը հուզում է Սարիբեկի սիրտը. նա պատկերացնում է իր սեփական դստերը, չէ՞ որ իր երեխաներն էլ էին մոտավորապես նույն տարիքի: Դաժան պատերազմի պայմաններում, որտեղ հողի ամեն մի մետրը մահ էր շնչում, Սարիբեկըը կայացնում է մի որոշում, որը թելադրված էր ոչ թե զինվորական կանոնագրքով, այլ մաքուր խղճով: Նա լացող աղջնակին բարձրացնում է զրահի վրա և բազմատոննանոց մեքենան սլացնում առաջ՝ փախստականների հեռացող շարասյանն ընդառաջ, որպեսզի գտնի նրա ընտանիքին:
Երբ ՀՄՄ-ն հասնում է մարդկանց, Սարիբեկը նկատում է մի կնոջ: Հայ մարտիկը ձայն է տալիս մորը, որպեսզի վերադարձնի աղջկան, սակայն սարսափած կինը պատասխանում է, որ վախենում է մոտենալ, քանի որ կարծում է՝ իրեն կսպանեն: Սարիբեկը նայում է նրան ու ասում.— Եթե սպանող լինեի, այսքան երկար ճանապարհ չեի անցնի, որ երեխուդ քեզ հասցնեի: Այդ ժամանակ կինը, ի նշան երախտագիտության, կրծքի տակ թաքցրած հագուստից փող է հանում և երկարում նրան: Սակայն Սարիբեկն իրեն հատուկ հումորային ոճով պատասխանում է.— Փողդ պահի՛ր քեզ, ինձ պետք չի: Դրա փոխարեն ամուսնուդ կփոխանցես, որ ինձ տեխնիկայի սոլյարկա է պարտք:
Շրջելով ծանր մեքենան՝ Սարիբեկը վերադառնում է առաջնագիծ: Շատ չանցած՝ 1993 թվականի հունիսի 12-ին, նա կզոհվի հենց այդ նույն Մարտունու շրջանում՝ իր հրամանատար Զօրավար Մելքոնյանի հետ նույն մարտում: Նրանք հեռացան միասին՝ իրենցից հետո թողնելով ոչ միայն մարտական փառք, այլև հիշողություն այն մասին, որ նույնիսկ դժոխքի ամենախոր հատակում կարելի է Մարդ մնալ:
Այս պատմությունը չի ընդգրկվել պատմության դասագրքերում, բայց այն կենդանի է շնորհիվ ողջ մնացած ընկերների հուշերի: Սարիբեկ Մարտիրոսյանի արարքը հավերժ հիշեցում է այն մասին, որ գթասրտությունը ազգություն չունի, իսկ ռազմիկի իսկական ուժը չափվում է ոչ թե խլված կյանքերի քանակով, այլ այն կյանքերով, որոնք նա կարողացել է փրկել:
Լուսանկարում Սարիբեկ Մարտիրոսյանն է՝ իր կրտսեր եղբոր դստեր հետ: