Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 13:15 30-07-2026

Երեխաները պետք է աշխարհի առաջնություն գնան, ձորերում ենք մարզվում․ «Օլիմպավանի» մարզիչ

Մերի Հակոբյան

Լրագրող

«Օլիմպավանի» մարզիչներն ու աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հնարավորինս արագ բացել մարզահամալիրը և թույլ տալ վերադառնալ աշխատանքի։

MMA-ի մարզիչ, «Օլիմպավանի» հրահանգիչ Էրիկ Օհանյանի խոսքով՝ իրենց միակ պահանջը աշխատանքի վերադառնալն է։ «Ե՞րբ կգնանք աշխատանքի՝ ոստիկանի պես, կառավարության աշխատողի պես, բժշկի պես։ Մենք էլ ենք ուզում առավոտյան արթնանալ ու գնալ մեր աշխատանքին։ Չգիտենք՝ ինչ ենք արել, որ մեզ ուղղակի կանգնեցրել են։ Պարզապես բացեք դուռը, մենք գնանք մեր գործին»,- ասաց նա։

Օհանյանի խոսքով՝ արդեն ամիսներ շարունակ մարզիչները չեն աշխատում, չեն ստանում աշխատավարձ, իսկ որևէ պատասխանատու չի հստակեցնում՝ երբ է «Օլիմպավանը» վերաբացվելու։ «Չգիտենք՝ աշխատավարձ ստանալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Չգիտենք՝ օգոստոսի՞ն է բացվելու, դեկտեմբերի՞ն, թե ընդհանրապես չի բացվելու։ Թող մեկը իջնի ու ասի՝ այս օրը կգնաք աշխատանքի, մենք էլ հանգիստ սպասենք»,- նշեց նա։

Մարզիչը շեշտեց, որ իրենց համար ամենացավոտ հարցերից մեկը երեխաների մարզումներն են։ Նրա խոսքով՝ «Օլիմպավանում» շուրջ 107 սան կա, որոնցից երեքը պետք է օգոստոսի 15-ին Հայաստանի MMA ֆեդերացիայի հավաքականի կազմում մեկնեն Աբու Դաբի՝ աշխարհի առաջնությանը։

«Երեխաները պետք է աշխարհի առաջնություն գնան, բայց նորմալ մարզվելու հնարավորություն չունեն։ Ձորերում ենք պարապում, բակերում ենք պարապում։ Տեխնիկապես հագեցած պայմաններ չկան, դրա համար էլ արդեն մրցումների ժամանակ պարտություններ են կրում։ Հուլիսի 26-ի մրցումներին մեր 107 սանից մասնակցել էր ընդամենը 20-ը, որոնցից 18-ը պարտվեցին, որովհետև մարզումներ չեն ունեցել»,- ասաց նա։

Օհանյանը նաև անդրադարձավ սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ մարզիչներից շատերը վարկեր ունեն և փակ մարզահամալիրի պատճառով չեն կարողանում կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները։ «Ես հիփոթեք ունեմ, մեքենայի ապառիկ ունեմ։ Բանկ եմ գնացել, խնդրել եմ՝ գոնե սառեցնեն վճարումները, ասում են՝ չեն կարող։ Եթե աշխատավայրն է փակ, ես ի՞նչ անեմ։ Չեմ ուզում հայտնվել սև ցուցակում, ամբողջ կյանքս աշխատել եմ, որ նման վիճակում չհայտնվեմ»,- նշեց նա։

Մարզիչը հավելեց, որ մարզահամալիրի փակ լինելու պատճառով վնասներ են կրում նաև այնտեղ տարեկան անդամավճարներով մարզվող քաղաքացիները։ «Ընտանիքներ կան, որ ամբողջ տարվա փաթեթ են գնել՝ լողավազան, մարզասրահ, մարտարվեստ։ Մարդիկ վճարել են օրինական ձևով, հիմա չեն կարողանում օգտվել ծառայություններից։ Իրենք էլ պատասխան են սպասում»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ «Օլիմպավանի» աշխատակազմը որևէ քաղաքական պահանջ չի ներկայացնում և որևէ առճակատման չի ձգտում։ «Մենք չենք ուզում խառնվել որևէ միջոցառման կամ քաղաքական գործընթացի։ Մեզ մի բան է պետք՝ բացեք «Օլիմպավանը», որպեսզի գնանք աշխատանքի։ Մենք մեր գործն ենք ուզում անել՝ մարզել երեխաներին, Հայաստանի դրոշը բարձրացնել միջազգային մրցումներում»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
18:29 Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները