Երեկ ՏԿԵՆ-ում, որպես Կառավարության լիազոր մարմին, տեղի ունեցավ օրենքով սահմանված՝ ռազմավարական ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության որոշման նախագծի հանրային լսումը: Այս մասին լրագրողներին հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Հանրային լսմանը կհաջորդի շաբաթների ընթացքում Կառավարության կողմից հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը: Որոշումով կսահմանվեն նաև մի շարք ընթացակարգեր, որոնք ենթադրում են մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված ռեզիդենտ ընկերության կողմից շուկայական արժեքի գնահատում, շուկայական արժեքի՝ Կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանուցում սեփականատերերին, ապա սեփականատերերի ծանուցման պատասխանի ստացում»,- նշել է նա:
Լրագրողը հետաքրքրվել է՝ Կարապետյանների հետ խոսո՞ւմ են, ինչպե՞ս են տրամադրված, Պետրոսյանը պատասխանել է՝ ոչ, բացարձակ կոնտակտ չկա այդ առումով:
«Գործընթացը, իմ անձնական պատկերացմամբ, մի քանի ամիս պիտի տևեր, բայց, կարծես իրավական իրավունքի և օրենքի գերակայության տառին համապատասխան գործընթացը տանելու պարագայում մոտ երկու տարի տևում է և օրինական գործընթացների վերջնարդյունքը, այսպես թե այնպես, ՀՀ ցանկացած քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտի համար պարտադիր է կատարվում:
Թե ինչ դիրքորոշում ունեն երեկվա լսումների հետ կապված՝ չեմ կարող ասել, որովհետև իրենց ներկայացուցիչներից մարդ չէր ներկայացել, ի զարմանս ինձ»,-մանրամասնել է նա:
Հարցին՝ կա՞ տարբերակ, որ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի կառավարել ՀԷՑ-ը, նա պատասխանել է.
«Իմ կարգավիճակը օրենքով է սահմանվում և ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են այն պահին, երբ նոր սեփականատերը՝ Հայաստանի Հանրապետությունը, դիմում է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ ՀԾԿՀ-ին, բաշխման լիցենզիա ստանալու: Բաշխման լիցենզիան ստանալու պահից ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են»,-ասել է Ռոմանոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։