Ներքին 1 ժամ առաջ - 23:52 28-07-2026

Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։

Որոշման համաձայն՝ Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է սահմանված կարգով նոր կանոնների մասին ծանուցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։

Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի համապատասխան որոշումը, որով մինչ այժմ կարգավորվում էին խորհրդարանի տարածքում և շենքում անվտանգության հետ կապված հարցերը։ Այսպիսով, ընդունված որոշմամբ հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում։ Այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Ավելին, հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։

Իսկ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է որևէ մասնագիտական գործունեություն ծավալել։ «Պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, վիրավորական արտահայտություններ անել, չկատարել Պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից և սույն կանոններից բխող պահանջները, կատարել սույն կանոններով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»,- նշվում է որոշման մեջ:

Ի թիվս այլնի, արգելվում է ներս բերել ալկոհոլային խմիչք (բացառությամբ հատուկ դեպքերի)։ Արգելվում է մուտք գործել մեծածավալ առարկաներով, այդ թվում՝ պարկերով, ճամպրուկներով և մեծ պայուսակներով (բացառությամբ համակարգչային պայուսակների և թղթապանակների)։ Արգելված են նաև քիմիական, պայթուցիկ ու դյուրավառ նյութերը։

Կանոններում նշվում է, որ այցելուները պետք է ունենան «պատշաճ արտաքին տեսք»։ Մասնավորապես, արգելվում է մուտք գործել մարզական կամ հատուկ աշխատանքային հագուստով, ինչպես նաև «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։ Կանոններն ունեն նաև բացառություններ․ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման (անարգել) մուտքի և ելքի իրավունք ունեն՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ուղեկցող անձինք։

Տրանսպորտային միջոցների դեպքում նույնպես նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաներն անցնում են առանց զննության։ Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Իսկ ԱԺ նիստերի դահլիճի օթյակներում գտնվողներին արգելվում է օգտագործել ֆոտո, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։

Աշխատանքային օրերին ԱԺ աշխատակիցների համար մուտքն ու ելքը թույլատրվում է ժամը 08:00-ից մինչև 22:00-ն։ Լրագրողների համար սահմանված է 08:00-19:00-ն, սակայն եթե ԱԺ նիստերը շարունակվում են, նրանք կարող են մնալ մինչև նիստի ավարտը։ Աշխատանքային օրվա վերջում յուրաքանչյուր աշխատող պարտավոր է անջատել էլեկտրասարքերը, փակել պատուհանները և կողպել սենյակի դուռը։

Կանոններն ամբողջությամբ՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
11:42 Էլեն Սարգսյանն ու ամուսինը ծնողներ են դարձել․ ծնվել է նրանց դուստրը՝ Միան
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
09:01 22 միլիոն դոլարի փուչիկը. ինչպե՞ս և ինչո՞ւ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
12:04 Ովքեր չեն շնորհավորել Ռաֆայել Երանոսյանի տարեդարձը․ դերասանի ուշագրավ հրապարակումը
10:34 Տաջիկստանում օրենքով արգելվել են հիջաբը, երկար մորուքն ու ազգային ավանդույթներին չհամապատասխանող հագուստը
09:57 Նոր բալիստիկ հրթիռ և հնարավոր հարվածներ` Մոսկվային. հայտարարություն` Ուկրաինայից