Ներքին Միտք 53 րոպե առաջ - 21:53 27-07-2026

Երբ իրականությունը «խմբագրվում» է պաշտոնական հաղորդագրությամբ. ԳՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ բուհի հավատարմագրման մասին

ԳՊՀ նախկին պրոռեկտոր, ռեկտորի ժ․պ․, բակունցագետ Թեհմինա Մարությանի ֆեյսբուքյան գրառումը.

Երբ իրականությունը «խմբագրվում» է պաշտոնական հաղորդագրությամբ

Գորիսի պետական համալսարանի պաշտոնական էջում հրապարակվել է տեղեկատվություն, թե բուհը ստացել է 4 տարվա ինստիտուցիոնալ հավատարմագրում։ Սակայն հրապարակման մեջ մի «մանրուք» պարզապես անհետացել է. շրջանցվել է ՈԱԱԿ-ի պաշտոնական որոշման ամենակարևոր ձևակերպումը՝ #պայմանով։

Սա պարզապես մեկ բառի բացթողում չէ։ Սա այն գնահատականն է, որով անկախ հավատարմագրող մարմինը բնութագրել է բուհի որակի ներկայիս վիճակը։ «Հավատարմագրում» և «պայմանական հավատարմագրում» հասկացությունները նույնական չեն։ Առաջինը նշանակում է չափանիշներին համապատասխանություն, երկրորդը՝ համապատասխանություն՝ էական վերապահումներով և պարտադիր բարելավման պայմաններով։

Առավել զարմանալի է, որ 2021 թվականին համալսարանը ստացել էր լիարժեք 4 տարվա հավատարմագրում՝ առանց որևէ պայմանական բաղադրիչի։ Այսինքն՝ բուհն ուներ չորս տարի՝ իրականացնելու բարելավման ծրագիրը, բարձրացնելու կրթության որակը և հաջորդ հավատարմագրմանը ներկայանալու ավելի ուժեղ դիրքերից։ Սակայն արդյունքը դարձավ ոչ թե նույն մակարդակի կամ ավելի բարձր գնահատական (6 տարի), այլ 4 տարվա պայմանական հավատարմագրում։ Սա առաջընթաց չէ, այլ արձանագրված խնդիրների պահպանման կամ խորացման մասին ազդակ։
Ավելին՝ ՈԱԱԿ փորձագիտական խումբը անբավարար է գնահատվել բուհի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ մասնագիտության կրթական ծրագրերը (ՄԿԾ)։ Իսկ հենց ՄԿԾ-ներն են բուհի #հիմնական_արդյունքը, նրա կրթական ծառայության բովանդակությունը։

Դրանք են որոշում, թե ինչ կրթություն է ստանում ուսանողը և ինչ մասնագետ է դուրս գալիս համալսարանից։ Կարելի է անվերջ խոսել միջազգային համագործակցության, հուշագրերի ու նախագծերի մասին, բայց եթե կրթական ծրագրերն են արժանանում անբավարար գնահատականի, ապա դա արդեն բուհի բուն առաքելության խնդիրն է։

Բարձրագույն կրթության իրական չափանիշը ո'չ արտասահմանյան գործուղումների քանակն է, ոչ էլ սոցիալական ցանցերում հրապարակված գեղեցիկ լուսանկարների, միջազգային միջոցառումների ֆոտոշարքերի առատությունը։ Այն չի չափվում արտասահմանյան շրջագայությունների մասին հերթական հաշվետվություններով և հանդիսավոր ժպիտներով։ Այն չափվում է կրթության որակով, ուսանողի ստացած գիտելիքով, կրթական ծրագրերի արդյունավետությամբ և այն գնահատականով, որը բուհին տալիս է անկախ հավատարմագրող մարմինը։ Եթե այդ գնահատականը «պայմանով» է, ապա ոչ մի ֆեյսբուքյան հրապարակում չի կարող այն վերածել «առանց պայմանի» հավատարմագրման։

Սակայն ամենից մտահոգիչը նույնիսկ գնահատականը չէ, այլ դրա ներկայացման ձևը։ Երբ պետական բուհը, իր գործադիր մարմնի մակարդակով, պաշտոնական հաղորդագրությունից պարզապես «ջնջում» է ՈԱԱԿ-ի որոշման էական բաղադրիչը՝ «պայմանով» բառը, դա այլևս տեղեկատվության ամբողջական ներկայացում չէ։ Դա փորձ է հասարակությանը մատուցելու ավելի բարենպաստ պատկեր, քան արձանագրել է անկախ հավատարմագրող մարմինը։
Եվ այստեղ արժե հիշել ոչ այնքան հեռավոր անցյալը։

2018 թվականին, երբ Գորիսի պետական համալսարանը ստացել էր 2 տարվա պայմանական հավատարմագրում, այսօր բուհի ղեկավար կազմում գտնվող նույն մարդիկ այդ փաստը ներկայացնում էին որպես գործող ղեկավարության լիակատար ձախողում։ Հենց նրանք էին ամենաբարձր ձայնով հայտարարում, թե համալսարանը չի բավարարել որակի չափանիշներին, ղեկավարությունը չի կարողացել ապահովել պատշաճ արդյունքներ, և այդ հանգամանքը դարձրել էին մշտական շահարկման առարկա՝ փորձելով հասարակության մեջ ձևավորել այն համոզմունքը, որ բուհը ճգնաժամի մեջ է։
Այսօր, սակայն, նույն մարդիկ լրիվ այլ բան են ասում։

Հիշեցնեմ, որ այժմ փոխված է հավատարմագրման ընթացակարգը։ Նախկին 2 տարվա պայմանական հավատարմագրման փոխարեն այժմ գործում է 4 տարվա պայմանական հավատարմագրումը, 4 տարվա հավատարմագրումը և 6 տարվա հավատարմագրումը։ Փոխվել են ժամկետները, բայց ոչ գնահատականի էությունը։

Սակայն որքան զարմանալի է, որ նույն մարդիկ, որոնք երեկ պայմանական հավատարմագրումը ներկայացնում էին որպես բուհի խայտառակ ձախողում, այսօր նույն բովանդակությամբ որոշումը ներկայացնում են որպես պատմական ձեռքբերում, մարզի կրթական կյանքի բացառիկ հաջողություն, իսկ պաշտոնական հաղորդագրությունից նույնիսկ հանում են այդ որոշման ամենաէական բառը՝ «պայմանով»։

Փաստորեն, փոխվել է ոչ թե ՈԱԱԿ-ի գնահատականը, այլ դրա մեկնաբանությունը՝ կախված նրանից, թե ով է զբաղեցնում ղեկավարի աթոռը։
Պետք չէ թերագնահատել հանրությանը։ Գուցե կան մարդիկ, ովքեր կբավարարվեն միայն վերնագիրը կարդալով։ Բայց կան նաև հարյուրավոր մասնագետներ, ուսանողներ և ոլորտի մարդիկ, որոնք գիտեն ՈԱԱԿ-ի չափանիշները, հասկանում են «պայմանով» եզրույթի իրավական ու մասնագիտական նշանակությունը և կարդում են ոչ թե խմբագրված հաղորդագրությունները, այլ հենց ՈԱԱԿ-ի պաշտոնական որոշումները։

Ակադեմիական ազնվությունը սկսվում է ոչ թե բարձրագոչ հայտարարություններից, այլ փաստերը ամբողջական ներկայացնելու պատասխանատվությունից։ Պաշտոնական հաղորդագրությունից կարելի է ջնջել «պայմանով» բառը, կարելի է դրա հաշվին ինքնագովազդ անել և կեղծ դափնիներ վաստակել, բայց հնարավոր չէ փոխել ՈԱԱԿ-ի որոշումը, փորձագիտական եզրակացությունը և այն իրական գնահատականը, որը ստացել է բուհը։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին