Ներքին 1 ժամ առաջ - 16:23 18-07-2026

Բագրատ Սրբազանի պատգամը՝ հոգևոր եղբայրության և Մկրտիչ Սրբազանի ազատության մասին

Երկու օր առաջ պատիվն ու ուրախությունն ունեցա մեր հոգևոր եղբայրությունը վերահաստատելու՝ հյուրընկալելով Արագածոտնի թեմի զինվորյալ ու նվիրյալ հոգևոր դասին, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում եղբայրության, նվիրումի և հավատարմության ու անհատակ սիրո խորհրդանիշն են դարձել ինձ համար՝ հակառակ բոլոր հալածանքներին և թիրախավորումներին:

Նրանցից ոմանց ճանաչել եմ Վազգենյան դպրանոցում տեսչությանս տարիներից, ոմանց հետ ծառայել եմ Արագածոտնի առաջնորդական տեղապպահ եղած տարիներին և իսկ ոմանց էլ անհիշելի ժամանակներից, երբ ես ինքս ուսանող էի: Ասել ուրախություն էր և ներշնչում, կնշանակի ոչինչ չասել: Աստվածային սերն էր ծավալվում և արծարծվում՝ մեր Տիրոջ գերագույն, զմայլող և գերող ներկայությամբ:

Շնորհակալ եմ ձեզ սիրելի հոգևոր եղբայրներ և մայր Եղիսաբեթ՝ ձեր մխիթարական և զորացնող այցելության և մշտամնա աղոթքների համար: Իսկ Մկրտիչ Սրբազանին՝ Արագածոտնի թեմի առաջնորդին և հոգևոր եղբորս, շուտափույթ լիակատար ազատություն եմ մաղթում, որպեսզի կարողանա վերադառնալ իր հոգևոր տեսչությանն ու խնամքին:
“Թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա” (Հովհ. 16:22)

Սիրով և աղոթքով
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

Ամենից շատ դիտված