Ներքին Միտք 3 ժամ առաջ - 22:30 17-07-2026

Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքը վերցնելու է մանդատները, բայց դաշինքի առաջնորդը՝ ոչ։

Սա արհամարհական վերաբերմունք չէ՞ ընտրողի նկատմամբ։ 144 983 մարդ ձայն է տվել այս ուժին։ Նրանց մի մասը ձայն է տվել, քանի որ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանը նրանց հերոսն է։ Ու հերոսը ժողովրդի տված մանդատը չի վերցնո՞ւմ։ Ընտրողները, հավանաբար, «գցված» են զգում, որովհետև իրենց ընտրյալը հրաժարվում է վերցնել իրենց տված մանդատը։

Հասկանալի կլիներ, եթե «Հայաստան» դաշինքը մանդատները չվերցներ, բոյկոտեր, պահանջեր նոր ընտրություններ և այլն, ընտրողներին բացատրեր, որ այդ բոյկոտով կարող են հասնել նախանշված նպատակին։ Հասկանալի կլիներ նաև, եթե ցուցակի մի մասը սկզբունքորեն չվերցներ մանդատները, այսինքն՝ կուսակցությունում տարաձայնություններ լինեին մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցում, և մի մասը սկզբունքորեն հրաժարվեր դրանցից։ Ինչ-որ առումով հասկանալի է նաև, որ ցուցակի հարյուրերորդ կամ ավելի ցածր համարում գտնվող թեկնածուն հարգելի պատճառով կամ այլ գործի բերումով չի վերցնում մանդատը։ Սակայն, երբ կուսակցությունը չի բոյկոտում, որոշում է վերցնել մանդատները, բայց ցուցակի առաջին համարը, առաջնորդը՝ տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանը, չի վերցնում, դա հասկանալի չէ։ Նա այլևս դաշինքի առաջնորդը չէ՞։ Նա դո՞ւրս է գալիս քաղաքականությունից։

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Սա նշանակում է, որ եթե քաղաքական գործիչ ես, ապա պարտավոր ես քաղաքականությանը վերաբերվել որպես հնարավորի արվեստի։ Այսինքն՝ եթե հնարավոր է դառնալ պատգամավոր կամ ավագանու անդամ, ապա քաղաքական գործիչը պարտավոր է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Եթե քաղաքական գործիչ ես և այնքան ռեսուրս ունես, որ կարող ես գյուղապետ դառնալ, ապա պարտավոր ես դառնալ գյուղապետ։ Քաղաքական գործիչը կարող է երազել վարչապետ դառնալու մասին։ Բայց եթե քաղաքական գործիչը հրաժարվում է վերցնել պատգամավորի մանդատը՝ ասելով, թե պատգամավորի մանդատն իր համար շատ փոքր է, իր հագով չէ, ինքը միայն վարչապետ է ուզում լինել, ապա նա քաղաքական գործիչ չէ, քանի որ արհամարհում է հնարավորի արվեստի սկզբունքը։

Այս սկզբունքը ձևավորվել է քաղքենիա-ժողովրդավարական վերափոխումներից հետո։ Դրանից առաջ հասարակությունները բաժանված էին դասերի ու կաստաների։ Արքունիքում ծնվածը չէր մտածում քաղաքական կամ քաղաքացիական շարքային պաշտոն զբաղեցնելու մասին։ Նրա պատվից ցածր էր, օրինակ, գյուղապետ աշխատելը։ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, արքունիքում չի մեծացել։ Նա զբաղեցրել է ընտրովի ու նշանակովի տարբեր մեծ ու փոքր պաշտոններ, տասը տարի եղել է ՀՀ նախագահ։ Վերջին շրջանում էլ մտել էր ընդդիմության առաջնորդի կերպարի մեջ։ Այս առումով ևս հասկանալի չէ Քոչարյանի հրաժարումը պատգամավորի մանդատից։

2021 թվականին նա գլխավորում էր «Հայաստան» դաշինքի ցուցակը։ Այդ ժամանակ ևս չվերցրեց մանդատը։ Հանրության մի մասը քննադատաբար արձագանքեց այդ որոշմանը՝ համարելով այն անհարգալից վերաբերմունք ընտրողի նկատմամբ։ Ոմանք կարծիք էին հայտնում, որ Ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը զգալիորեն կմեծացներ ընդդիմության կշիռը, և ընդդիմությունն ավելի մեծ արդյունքների կհասներ, եթե Քոչարյանը խորհրդարանում լիներ։ Հույս կար, որ այս ամենը հաշվի կառնվի, և նույնը չի կրկնվի։ Սակայն 2026 թվականին Քոչարյանը կրկին հրաժարվում է վերցնել մանդատը։

Կարճ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու Քոչարյանը չի վերցնում մանդատը, ինչու է արհամարհում հարյուր հազարավոր ընտրողների վստահությունը, ինչու է ապաքաղաքական վարք դրսևորում և թուլացնում «Հայաստան» դաշինքի դիրքերը Ազգային ժողովում։

Այս հարցերին պատասխան են փորձում առաջարկել դավադրության տեսությունների սիրահարները։ Նրանց կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանին ստիպում են ընդդիմություն խաղալ։ Մնում է պարզել, թե ով է ստիպում, որ հայտնի քաղաքական գործիչը ապաքաղաքական վարք դրսևորի, արհամարհի ընտրողի քվեն ու հնարավորի արվեստի սկզբունքը, հինգ տարին մեկ մի քանի ամսով ընդդիմադիր առաջնորդի դեր խաղա, հետո գնա տուն, առերևույթ հրաժարվի առաջնորդությունից և թուլացնի «Հայաստան» դաշինքի դիրքերը։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից