Տարիներով ձգձգված ՎԶԵԲ-ի ծրագիրը կրկին օրակարգում է․ Գյումրիի Անի և Ավստրիական թաղամասերում շինարարությունը կվերսկսվի։
Հիշեցնենք, որ Գյումրիում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նախապատրաստական փուլը մեկնարկել է դեռևս 2014-2015 թվականներին, իսկ ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդը նախագիծը հաստատել է 2016 թվականի մայիսի 4-ին։
Նույն թվականին ստորագրվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, իսկ 2017-ին արդեն մեկնարկել են նախագծման և նախապատրաստական աշխատանքները։
Գյումրիի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ առաջիկայում կվերսկսվեն Անի (58) և Ավստրիական թաղամասերի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Համենայնդեպս նախագիծը պատրաստ է, իսկ թե երբ այն կմտնի գործնական փուլ դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 16 միլիոն դոլար։
Թեև քաղաքապետարանը հերթական անգամ խոսում է ծրագրի շարունակության մասին, հարկ է հիշեցնել, որ այս նախագիծը նոր չէ։ Այն դեռևս 2016 թվականին ստացել է ՎԶԵԲ-ի հաստատումը, իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին ավելի վաղ։
Սակայն տարիների ընթացքում ծրագիրն անընդհատ ձգձգվել է, ուղեկցվել մրցութային, կազմակերպչական և իրականացման խնդիրներով, ինչի հետևանքով բազմաթիվ փողոցներ երկար ժամանակ մնացել են կիսատ կամ ընդհանրապես դուրս են մնացել աշխատանքներից։
Ավելին, 2018 թվականից ի վեր Գյումրիում փոխվել են մի քանի քաղաքապետեր, փոխվել են նաև պատասխանատու պաշտոնյաներն ու կենտրոնական իշխանությունը, սակայն քաղաքի ճանապարհային խնդիրները համակարգային լուծում այդպես էլ չեն ստացել։
Փոխվել են ղեկավարները, բայց ոչ մոտեցումը, ինչի հետևանքով միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն այդպես էլ չի կարողացել ժամանակին և ամբողջությամբ կյանքի կոչվել։
Oragir.News-ը մշտապես ահազանգեր է ստացել հատկապես Անի և Ավստրիական թաղամասերի, ինչպես նաև ծրագրում ընդգրկված այլ փողոցների բնակիչներից։
Նրանք բարձրաձայնել են ամիսներով ձգձգվող աշխատանքների, փորված ու անանցանելի ճանապարհների, փոշու, ցեխի, ինչպես նաև շինարարության որակի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ։
Այդ ահազանգերը պարբերաբար հրապարակվել են մեր լրատվամիջոցում, սակայն պատասխանատուների կողմից խնդրի լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր երկար ժամանակ չեն իրականացվել։
Նշենք, որ ՎԶԵԲ-ի ծրագիրը նախատեսում էր ոչ միայն ճանապարհների հիմնանորոգում, այլև ջրահեռացման համակարգերի բարելավում, մայթերի վերակառուցում և փողոցային լուսավորության արդիականացում։
Անահիտ Չալիկյան