Միտք Ներքին 1 ժամ առաջ - 20:00 02-07-2026

Ինչու է Եվրահանձնաժողովի նախագահը Հայաստան եկել, ինչ սպասել այս այցից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր ժամանեց Երևան, հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այնուհետև նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հայ-ռուսական հարաբերություններում առկա է նկատելի լարվածություն, որի հետևանքով ռուսական կողմը ոչ միայն սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանումների նկատմամբ, այլև առ այս պահը չի ճանաչել հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը և չի շնորհավորել նրան, իսկ Երևանն էլ հետևողականորեն խորացնում է համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս այցը հաջորդում է Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ Բաքու կատարած այցին, առավել համոզիչ են դառնում այն գնահատականները, ըստ որոնց՝ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական իրականություն, որտեղ Արևմուտքն ամրապնդում է իր դիրքերը՝ Ռուսաստանի հաշվին։

Հասկանանք՝ ինչո՞ւ է Ֆոն դեր Լյայենը ժամանել Հայաստան։ Պաշտոնապես այցը մեկօրյա է՝ աշխատանքային։ Բացի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, այն ներառում է նաև ընդլայնված կազմով բանակցություններ, որոնց արդյունքները, հնարավոր է, ավելի ուշ տեսանելի դառնան հանրությանը։

Սակայն այցի քաղաքական բաղադրիչն իրականում շատ ավելի լայն է։ Առաջին հերթին, այս այցը Բրյուսելի կողմից Հայաստանի, ինչպես նաև անձամբ Փաշինյանի նկատմամբ քաղաքական աջակցության հերթական դրսևորումն է։ Եվրոպացի պաշտոնյան իր այցով նախևառաջ նպատակ ունի լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ այն իրավիճակում, երբ ընտրությունների արդյունքները բողոքարկվում են Սահմանադրական դատարանում, իսկ համապատասխան վճիռը հրապարակվելու է միայն հուլիսի 4-ին։ Ասվածի վկայությունն այն է, որ նա բարձր գնահատեց վերջին ընտրությունները՝ դրանք ներկայացնելով որպես ժողովրդավարության ամրապնդման օրինակ։ Կարծում ենք՝ քաղաքականապես առավել կոռեկտ կլիներ, եթե այս հայտարարությունն ու, առհասարակ, եվրոպացի պաշտոնյայի այցը տեղի ունենային գոնե հուլիսի 4-ից հետո, երբ Սահմանադրական դատարանի վճիռն արդեն հրապարակված կլիներ։

Երկրորդ՝ այցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական և քաղաքական կապերը։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանը զգալիորեն ակտիվացրել է եվրոպական ուղղությունը՝ ընդլայնելով համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, սահմանների կառավարման, ժողովրդավարական բարեփոխումների և անվտանգության ոլորտներում։ Այս համատեքստում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցով ԵՄ-ն փորձում է ցույց տալ, որ պատրաստ է դառնալ Հայաստանի համար ավելի կարևոր տնտեսական և քաղաքական գործընկեր։

Պակաս կարևոր չէ նաև այս այցի տարածաշրջանային նշանակությունը։ Եվրամիությունը ցանկանում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ խթանելով խաղաղությունը, տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը։ Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հատուկ ընդգծեց, որ խաղաղությունն ու հաղորդակցությունների բացումը կարող են տնտեսական զարգացման նոր հնարավորություններ ստեղծել ամբողջ Հարավային Կովկասի համար։

Եվրահանձնաժողովի նախագահը Երևանում մի քանի կարևոր ուղերձ հղեց։ Նախ նա հայտարարեց, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրոպական միության վրա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը և ինքնիշխանությանը։ Ֆոն դեր Լյայենը նաև նշեց, որ եթե Ռուսաստանի շուկան փակվի հայկական արտադրանքի համար, Եվրոպական միությունը պատրաստ է ընդլայնել հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա։ Սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ուղերձ է, որը ցույց է տալիս, որ Բրյուսելը պատրաստ է մեղմել Հայաստանի արտաքին տնտեսական ռիսկերը։

Դատելով Երևանում հնչած հայտարարություններից՝ մեծ հաշվով կարելի է եզրակացնել, որ այս այցից անմիջապես հետո հեղափոխական որոշումներ չեն լինի, սակայն առնվազն քաղաքական մակարդակում այն կարևոր հետևանքներ կունենա։ Ենթադրվում է, որ առաջիկայում Հայաստան-ԵՄ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան առնվազն կշարունակվի, քանի որ ակնհայտ է՝ Բրյուսելը ցանկանում է պահպանել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը Երևանի հետ՝ բնականաբար ելնելով նաև սեփական շահերից։

Մյուս կողմից, չափազանց կարևոր է, որ ԵՄ-ն հայտարարություններից և քաղաքական կամք ցուցաբերելուց անցնի նաև գործնական քայլերի ու, առնվազն, ընդլայնի տնտեսական աջակցության ծրագրերը՝ օրինակ արտոնյալ պայմաններ ստեղծելով հայ արտահանողների համար։ ԵՄ-ն վերջին ամիսներին արդեն հայտարարել է Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված ֆինանսական աջակցության մասին, և եթե այս այցը արագացնի այդ նախաձեռնությունների իրականացումը, ապա դա գործնականում կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև շեշտակի կմեծացնի արևմտամետ տրամադրվածություն ունեցող քաղաքացիների թիվը Հայաստանում։ Ասվածը վերաբերելի է նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին․ ինչպես հայտնի է փաստաթուղթը նախորդ օգոստոսին արդեն նախաստորագրվել է, և այժմ այն Ադրբեջանը չի ստորագրում՝ առաջ քաշելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհեթեթ պահանջը։ Այս իրավիճակում Բրյուսելը կարող է պարզապես օգտագործել իր լծակները և ճնշումներ բանեցնել Բաքվի վրա, որպեսզի վերջինս ի վերջո ստորագրի խաղաղության համաձայնագիրը։

Կարճ ասած՝ այսօր Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակներից մեկում, սակայն դրանք կապիտալիզացնելու համար անհրաժեշտ են Բրյուսելի գործնական քայլերը։

Այս այցը ցույց տվեց, որ ԵՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ գործընկեր և պատրաստ է խորացնել համագործակցությունը տնտեսական, քաղաքական և ինստիտուցիոնալ ոլորտներում։ Փաստացի ԵՄ-ն աստիճանաբար փոխում է Հայաստանի նկատմամբ իր քաղաքականության տրամաբանությունը․ եթե նախկինում Բրյուսելը հիմնականում կենտրոնանում էր ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ աջակցության վրա, ապա այսօր Հայաստանի նկատմամբ ձևավորվում է նաև հստակ աշխարհաքաղաքական հետաքրքրություն։ Եվրոպան փաստացի փորձում է ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ մի տարածաշրջանում, որտեղ վերջին տարիներին զգալիորեն թուլացել է Ռուսաստանի ազդեցությունը, իսկ նոր ուժային հավասարակշռություն դեռևս չի ձևավորվել։

Միաժամանակ, այցի նշանակությունը չպետք է գերագնահատել և հանրության շրջանում սին պատրանքներ ստեղծել։ Չնայած որոշակի մակարդակի քաղաքական աջակցությանը՝ Եվրամիությունը շարունակում է խուսափել այնպիսի պարտավորություններից, որոնք կարող են նրան ներքաշել տարածաշրջանային անվտանգության ուղղակի պատասխանատվության մեջ։

Եվրոպական միությունը փաստացի պատրաստ է երկարաժամկետ քաղաքական և տնտեսական ներկայություն ապահովել տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ միջազգային մրցակցությունը շարունակելու է աճել, իսկ Երևանը, ամենայն հավանականությամբ, ավելի հաճախ կհայտնվի խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի խաչմերուկում, իսկ թե այդ իրավիճակից ինչպես կօգտվի և որ ուղղությամբ կնախընտրի շարժվել՝ կախված կլինի բացառապես իր արտաքին քաղաքականության ճկունությունից։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված