Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։ Այսպիսով, ավարտվել է ավելի քան չորս տարի գործող կոալիցիոն կառավարումը․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցությունները խզել են համագործակցության հուշագիրը։
Հետաքրքիր է, որ իշխանական համագործակցությունը փլուզվեց միայն չորս տարի անց, երբ, ըստ պաշտոնական ձևակերպման, կողմերի միջև ի հայտ են եկել կադրային քաղաքականության և հաշվետվողականության վերաբերյալ տարաձայնություններ։
«Ազատական» կուսակցությունն արդեն տարածել է համապատասխան հայտարարությունը, մինչդեռ Արթիկի քաղաքապետարանը երկար ժամանակ որևէ մեկնաբանությամբ հանդես չէր գալիս։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ի Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանիում մեծամասնություն ձևավորելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական» կուսակցության միջև 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված համագործակցության հուշագրի դրույթները՝ հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 23-ին կայացած «Ազատական» կուսակցության ավագանու խմբակցության նիստում, հուշագրի 3-րդ կետի շուրջ քննարկման արդյունքում հրաժարվում եմ Արթիկի խոշորացված համայնքի առաջին տեղակալի պաշտոնից՝ հաշվի առնելով համաձայնեցված կադրային քաղաքականության և հաշվետվողականության շուրջ կողմերի միջև առկա տեսակետների տարբերությունը»։
Տարածվեցին տեղեկություններ, որ ՔՊ-ի և «Ազատական» կուսակցությունների միջև «սև կատու» անցավ այն պահից, երբ «Ազատական» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ օգնել է «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքներին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Անան Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրել էին համագործակցության հուշագիր և ձևավորել կոալիցիոն կառավարում։
Չնայած փոխքաղաքապետի հրաժարականին՝ համայնքապետարանում պնդում են, որ կառավարման ճգնաժամ չի առաջանա։ Առնվազն այդ կարծիքին է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարող Արկադի Թադևոսյանը։
Արթիկում աշնանը ավագանին կընտրի նոր փոխքաղաքապետ, իսկ արդեն դեկտեմբերին համայնքում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրությունները։
Անահիտ Չալիկյան