«Ընդդիմության հետընտրական օրակարգում, անշուշտ, կարևոր հարցեր են, որոնք որոշելու են քաղաքական գործունեության հետագա ռազմավարությունը՝ ՍԴ-ում ընդդիմադիր բողոքների քննարկում, հետընտրական ընդդիմադիր կոալիցիա կազմելու՝ Սամվել Կարապետյանի առաջարկը, և այլն»,-«Էլ ինչ պետք է անի ընդդիմությունը» վերնագրով հոդվածում գրում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:
«Միաժամանակ, այդքանով հանդերձ, մի կարևոր հիշեցում պիտի անեմ ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակներին՝ քաղբանտարկյալների հարցը:
Քաղբանտարկյալների պակաս Փաշինյանի իշխանության օրոք չի եղել, սակայն նախընտրական և հետընտրական ռեպրեսիաներն իրոք աննախադեպ են: Բանտերը գերծանրաբեռնված են, իսկ տնային կալանքով իշխանությունը թաքցնում է նաև ազատազրկված հայրենակիցների իրական թիվը:
Այո՛, ազատազրկելով մեզ քաղաքական շարժառիթներով՝ ռեժիմը փորձում է 2 հիմնական հարց լուծել՝ կազմալուծել կամ պարալիզացնել ընդդիմադիր շարժումը և գերդոզավորված պահել վախի մթնոլորտը երկրում:
Թե՛ իր հետապնդած նպատակները չեզոքացնելու, թե՛ ապօրինի կալանավորված մարդկանց ազատությունը մոտեցնելու համար համակարգված գործողությունները քաղբանտարկյալների ազատ արձակման համար կենսական անհրաժեշտություն են:Չմոռանանք նաև, որ ինչքան էլ «Ժողովրդավար Արևմուտքն» աչք փակի Բելառուս կամ Ադրբեջան style տեռորի վրա, կարևոր է հանգիստ չտալ Արևմուտքի կառույցներին՝ ահազանգելով այդ խնդրի մասին:
Առաջարկիս հիմքում իմ՝ ներկայիս ապօրինի ազատազրկված լինելու հանգամանքը չէ: Իմ քաղաքական թիմը՝ Հանրապետականը, այդ պայքարը տանում է, իսկ ես անձամբ բազմաթիվ ակցիաներ եմ նախաձեռնել կամ մասնակցել իմ կարճատև ազատության ժամանակ՝ հանուն քաղբանտարկյալների ազատության:
Այժմ կարելի է դիտարկել երկրում քաղբանտարկյալների թիվը 100-ից ավելի՝ գրեթե բոլոր քաղաքական և հասարակական շերտերից: Ուստի անխուսափելի եմ համարում նրանց ազատության համար միասնական ընդդիմադիր պայքարը՝ առանց свой-чужой էժանագին և անբարո խաղերի:
Մի քանի աշխատանքային կոնկրետ առաջարկ անեմ բանտախցից.
1. Հստակ քաղաքական ուղերձներով պարբերական և մշտական բողոքի ակցիաներ արևմտյան դեսպանատների մոտ՝ ինչպես ինդիվիդուալ, այնպես էլ՝ զանգվածային:
2. Նմանատիպ ակցիաներ ռեպրեսիվ ապարատի մաս դարձած պետական գերատեսչությունների մոտ:
3. Հանրային և մեդիադաշտում թեմայի մշտական արծարծում՝ սոցցանցերից մինչև մամուլ:
4. Շատ կարևոր է իմանալ արտասահմանից եկող պատվիրակությունների կամ գործիչների ժամանակացույցը և տեսանելի և կրեատիվ ակցիաներով «դիմավորել» նրանց:
5. Ամենաաղաղակող դեպքերի կամ ընդհանուր իրավիճակի մասին նամակներով հեղեղել եվրապաշտոնյաներին՝ դեպուտատներից մինչև հանձնակատարներ:
6. Փորձել կազմակերպել իրազեկման ակցիաներ մեր Սփյուռքի հայրենակիցների ուժերով՝ իրենց երկրների ԱԳՆ-ների կամ խորհրդարանների մոտ:
Այս ցանկը, բնականաբար, սպառիչ չէ և կարող է համալրվել այլ գործողություններով ևս: Ցանկություն լինի միայն: Եվ խնդրի գիտակցում:
Կրկնեմ՝ այս հարցը կարևոր է առաջ մղել՝ ընդդիմադիր դաշտի այլ հնարավոր զարգացումներից և նախաձեռնություններից անկախ:
Ազատությո՜ւն բոլոր քաղբանտարկյալներին:
Հ.Գ. Շատ տխրեցի, որ ըստ ինձ հասանելի լրատվամիջոցների, Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատազրկման 1000-րդ օրը հիշել և միջոցառում են կազմակերպել միայն Վաշինգտոնում:
Ազատությո՜ւն հայ ռազմագերիներին:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ»։