«Վարչական շրջանն է իրականացնում այդ աշխատանքները՝ բարեկարգման ծրագրի շրջանակում։ Ընդհանուր մաքրման աշխատանքներ են կատարվում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը՝ անդրադառնալով են ՀՊՏՀ գետնանցման պատից 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի դիմակարի մաքրմանը։
Նշենք, որ ավելի վաղ 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, հայտնել է, որ եղբոր դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից:
Կարապետյանի խոսքով՝ որևէ միտում չկա։ Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ այսուհետ գետնանցումներում կամ այլ հանրային վայրերում ցանկացած նկարի կամ որևէ պատկերի համար անհրաժեշտ կլինի նախապես ստանալ քաղաքապետարանի կամ համապատասխան վարչական շրջանի թույլտվությունը։
«Այդ բոլորը, ինչ հայտնվել են անցումներով, դրանք թույլտվություն չեն ունեցել։ Այսուհետև ինչ էլ հայտնվի՝ նկար, դիմանկար և այլն, պետք է թույլտվություն ստանա կա՛մ քաղաքապետարանից, կա՛մ վարչական շրջանից»,- նշել է Կարապետյանը։
Նա նաև ընդգծել է, որ գետնանցումները շուրջօրյա վերահսկել հնարավոր չէ։
«Քաղաքացիները հաճախ կեղտոտում կամ վնասում են անցումները։ Հնարավոր չէ 24 ժամ վերահսկել, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այդ պատճառով էլ իրականացվում են ընդհանուր մաքրման աշխատանքներ»,- ասել է նա։
Անդրադառնալով շենքերի վրա պատկերված հերոսների նկարների հնարավոր մաքրմանը Կարապետյանը նշել է, որ ներկայիս ծրագրով նախատեսված է միայն գետնանցումների մաքրումը, և շենքերի վրա առկա պատկերների հարցն այս փուլում օրակարգում չէ։
«Այս ծրագրում անցումներն են ներառված կոնկրետ, շենքերը չէ»,- եզրափակել է Արտյոմ Կարապետյանը։