Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Նիկոլ Փաշինյանը «հանգիստ» չի թողնելու ընդդիմությանը, որովհետեւ ունի մեծ տագնապ՝ ինչպես արդեն նշել եմ նախօրեի գրառումով, ժամանակը այլեւս չի աշխատում Փաշինյանի օգտին: Եվ դրա պատճառը այն չէ, որ նա հռչակել է բացարձակ մեծամասնություն՝ չունենալով այդ մեծամասնությունը իրականում, հանրային լեգիտիմության գետնի վրա:
Հարցն այն է, որ նախընտրական ամիսներին ընդդիմությունը գտավ հանրության հետ աշխատանքի որոշակի արդյունավետ բանաձեւ, «կոդեր», զգալիորեն դուրս եկավ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» կամ «թուրք» ասելու ինտենսիվության, հաճախակիության ու դեցիբելների վրա կատարվող խաղադրույքից, ու մտադ քաղաքացիների հետ հանգիստ, հանդարտ, առարկայական, կոնկրետ խոսակցության դաշտ:
Ու դա սկսեց տալ արդյունք: Բազմիցս ասել եմ, եթե որեւէ մեկին թվում է, որ Փաշինյանին «թուրք» կամ «դավաճան» ասելով նրա համար ստեղծում է խնդիր, դա մեղմ ասած մոլորություն է: Նրա համար խնդիր ստեղծվեց, երբ խորքային առումով «մոռացան» նրան ու հասարակության հետ սկսեցին խոսել առավելապես պետության ու մարդկանց առաջ եղած կոնկրետ խնդիրներից:
Դա իդեալական աշխատանք չէր, բայց իդեալական աշխատանք քաղաքականության մեջ չի էլ լինում: Լինում է արդյունավետության աստիճան, որը միշտ հնարավոր է բարձրացնել, եթե գտնվում է աշխատանքի ճիշտ սկզբունքն ու բանաձեւը: Իսկ դա՝ ընդդիմության առաջատար ուժերը նախընտրական ամիսներին գտնել կարողացան: Եվ ահա սա է, որ այսօր մեծ անհանգստություն է պատճառում վարչապետ Փաշինյանին ու նրա կառավարած համակարգին: Ահա թե ինչու նա հետեւողականորեն փորձում էր, ու շարունակելու է առավելագույնն անել՝ ընդդիմությանը հասարակության հետ այդ հանդարտ ու առարկայական աշխատանքից կտրելու եւ իր հետ ինտենսիվ «ռազբորկայի» դաշտ վերադարձնելու համար:
Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ այն ռեպրեսիվ մտադրությունները, որ նա ունի ընդդիմության ուժերի առաջնորդների հանդեպ: Իհարկե կան այլ մոտիվներ եւս, բայց դրանք ընդհանուր այս «կոնցեպտուալ» անհանգստության շրջանակում են: