Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:30 09-06-2026

Հանրային ճնշումը պետք է ուժեղացվի․ Արթուր Օսիպյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Մերի Հակոբյան

Լրագրող

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով նստացույցն արդեն իններորդ օրն է՝ շարունակվում է։ Ակցիայի մասնակիցներն ու կազմակերպիչները պնդում են, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, և պահանջում են վերանայել կալանքի որոշումը։

«Նժար» սահմանադրական շարժման անդամ Գարեգին Միսկարյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված կալանքը պատժիչ բնույթ ունի։

«Ես չեմ արդարացնում Արթուր Օսիպյանի կոշտ խոսքը, բայց մյուս կողմից՝ էդ քրեական հանցագործություն չի, և իշխանությունները կալանքը որպես խափանման միջոց օգտագործում են՝ մարդուն պատժելու համար։ Էստեղ հստակ հետապնդում է գնում Արթուր Օսիպյանի նկատմամբ»։

Միսկարյանը նաև նշեց, որ իշխանությունները խուսափում են հստակ պատասխաններից, մինչդեռ խնդիրը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով՝ «բռնել, նույնականացնել, համահարթեցնել և պիտակավորել մարդուն, վիրավորել ու մի հատ էլ պատժել կտրուկ հարցերի համար անթույլատրելի է»՝ հավելելով, որ նման մոտեցումը ժողովրդավարության հետ աղերս չունի։

Նստացույցի կազմակերպիչ Գեղամ Օհանյանի խոսքով՝ քաղաքական քարոզարշավի ընթացքում հատկապես կարևոր էր պահպանել ակցիայի հիմնական պահանջը և թույլ չտալ, որ այն շեղվի այլ օրակարգերով. «Քաղաքական քարոզարշավի ժամանակ քաղաքացիական ակցիաները բավական համարձակ ու դժվար որոշում են։ Ատամներով պահել ենք էստեղի հարթակը ու մաքուր պահել ենք պահանջը, այսինքն՝ չենք փորձել, որ ինքը լղոզվի, այլ պահանջներ ավելանան և այլն»։

Ըստ Օհանյանի՝ ընտրություններից հետո մտադիր են ընդլայնել ակցիայի շրջանակները և ավելացնել հանրային ճնշումը. «Մենք սպասում էինք, որ ընտրությունը տեղի ունենա, որից հետո մեր ակցիայի շրջանակները արդեն մեծացնենք։ Հիմա Ձեր եթերից օգտվելով՝ ևս մեկ անգամ ասում եմ՝ երեկոյան ձեզ սպասում ենք, ժողովուրդ։ Եկեք ու ձեր պահանջը ձեր ներկայությամբ պնդեք, դա անիմաստ չի, դա մեծ կարևորություն ունի, ու դա մեծ ուժ է»։

Անդրադառնալով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներին՝ Օհանյանը նշեց, որ իր համար ամենակարևոր ցուցանիշը մասնակցության աճն էր. «Արդյունքների բաշխումը չեմ մեկնաբանի, ինձ ուրախացրեց մասնակցության տոկոսը։ Մենք մեր կառույցով աշխատում էինք էդ ուղղությամբ, որ մասնակցությունը աճի, ու մասնակցությունը աճեց 10 տոկոսով»։

Նստացույցի մասնակիցները հավելեցին, որ շարունակելու են իրենց պայքարը Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում