Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնց մասնակցում էին 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%-ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%-ը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հետևյալ հարցն ուղղել․
«Ընտրությունների արդյունքներն արդարացրի՞ն ձեր սպասելիքները»։ Հարցվածների պատասխանները տարբեր էին՝ սկսած դժգոհությունից ու հիասթափությունից մինչև արդյունքների ճանաչում և ապագայի հանդեպ զգուշավոր սպասումներ։ Ամենակտրուկ պատասխաններից մեկը հնչեցրեց մի քաղաքացի, ով նշեց, որ ընտրությունների արդյունքներն իր համար ծանր հիասթափություն են եղել։
«Եթե հիմա ընդդիմությունը չվերցնի մանդատները ու չգնա աշխատի Կառավարությունում, վերջացանք, արդեն վերջացել ենք։ Թող կեղծեին 10 տոկոսով, թող կեղծեին 20 տոկոսով, բայց ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ունենար 10 ձայն՝ իր ընտանիքի անդամներից և իր խմբակիցներից։ Բայց եթե այսքան ձայն է ստացել, ուրեմն ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Պետք է ընդունել, որ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, որը սարսափելի է իմ համար»,- ասաց նա։
Նույն քաղաքացին անդրադարձավ նաև արտերկրում բնակվող հայերի ընտրական իրավունքի թեմային․ «Ես դրսում եմ ապրում, բայց Հայաստանը իմն էլ է։ Երբ ասում են՝ դու ի՞նչ իրավունք ունես դրսում ապրելով ընտրություն կատարել, ես ասում եմ՝ ունեմ էդ իրավունքը։ Հայաստանը իմն է»։
Մեկ այլ քաղաքացի ևս նշեց, որ իր սպասելիքները չեն արդարացել։
«Չարդարացրեցին։ Ես գիտեի, որ տենց է լինելու, Փաշինյանը պիտի անցներ։ Բայց էն մարդը, որ ժողովրդի մասին կմտածի, ժողովրդի վիճակը կբարելավի, թող ինքը ղեկավար լինի»,- ասաց նա։
Հարցվածներից ոմանք նշում են, որ արդյունքները սպասելի էին և արտացոլում էին ընտրողների կամքը։
«Կարելի է ասել՝ այո, արդարացրին։ Ես ոչ թե գուշակում էի, այլ կանխատեսում էի, որ սենց է լինելու»։ Մեկ այլ քաղաքացի ընտրական գործընթացը գնահատեց դրական։
«Նորմալ անցավ։ Արդարությամբ եղավ ամեն ինչը։ Ես էլ ընտրեցի, ընտրեցին նաև իմ ընկերները, բարեկամները։ Հիմա հուսանք՝ լավ կլինի, ինչ սկսել են, կշարունակեն»,- նշեց նա։
Կային նաև քաղաքացիներ, որոնք նշեցին, որ չեն մասնակցել քվեարկությանը։ Նրանցից մեկը պատմեց, որ ընտրության օրը պարզապես չի հասցրել գնալ ընտրատեղամաս։
«Ես չեմ մասնակցել ընտրություններին։ Բազմազավակ մայրիկ եմ, երեխաների մոտ մարդ չկար, դրա համար չգնացի»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում: