Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, APA-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նա ընդգծել է, որ հույս ունեն՝ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը՝ առանց հետաձգումների:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «Ադրբեջանի հիմնավորված մտահոգությունները պետք է լուծվեն»։
Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, և, որ կողմերի ցուցաբերած կամքը տարածաշրջանի համար հստակ հնարավորությունների պատուհան է բացել:
Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։
Ֆիդանի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։