Ներքին 4 ամիս առաջ - 17:52 08-06-2026

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում

Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հունիսի 7-ի ընտրություններում կուսակցությանը քվե տված 30 797 քաղաքացիներին՝ արդյունքը համարելով մեծ հաջողություն մեկամյա քաղաքական ուժի համար։

Միաժամանակ կուսակցությունը հայտարարել է, որ ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ՝ վկայակոչելով անհավասար մրցակցային պայմանները, ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի կիրառման և արտաքին միջամտությունների մասին պնդումները։

«Հարգելի հայրենակիցներ, սրտանց հայտնում եմ իմ երախտիքը սույն թվականի հունիսի 7-ի ընտրություններին Հայաստանի շնորհապետական կուսակցությանը և վերջինիս վարչապետի թեկնածուին տրված վստահության քվեների համար։

Այս տարվա ընտրություններում հանրային մասնակցությունը աննախադեպ էր։ Ընտրություններին մասնակցեցին 1 476 916 քաղաքացի, որոնցից 30 797-ը կամ ընտրողների 2.11 %-ն իր վստահության քվեն տվեց մեզ՝ դարձնելով Հայաստանի շնորհապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության խոշորագույն վեց քաղաքական ուժերից մեկը։

Սա, անշուշտ, հեռու է մեր ակնկալիքներից, սակայն այն իր ծավալով աներևակայելի մեծ հաջողություն է մեկամյա քաղաքական ուժի համար։ Խոնարհումս մեզ հավատացած, մեր կայացմանը նպաստած հայրենիքում և սփյուռքում բնակվող հայ ժողովրդին։ Մեր պայքարի հիմքը մենք դրեցինք միասին, հարգելիներ, բոլոր նրանց հետ, ովքեր միացան և դարձան գաղափարակից ու «զինակից» ընկեր։

Մենք հայ ենք, և դրանով ամեն ինչ ասված է բառի ուղիղ, գաղափարական և բովանդակային իմաստով։ Ավաղ մեզանից խլեցին ևս մի քանի տարի՝ վերարտադրելով և ձևավորելով նախկին խորհրդարանի ճիշտ համանմանությունը, հնարավորություն չընձեռելով արևմտամետ ուժի ներկայացված լինել խորհրդարանում։

Աստված տա, որ մեզանից խլած լինեն միայն ժամանակ, ո՛չ թե ինքնություն, ո՛չ թե հայրենիք կամ ազատություն, ինչի համար գործի դրեցին նախկին մեռնող քաղաքական համակարգի ողջ մասնավոր և վարչական լծակները՝ պարուրված ծածուկ թրքառուսամետների շարասյունով և հմտորեն քողարկված բոլոր տրամաչափի սպասարկու բլոգերներով, վայ-վերլուծաբաններով՝ ջանք ու եռանդ չխնայելով, որ ինձ կապեն նախկիններին, ներկաներին, նրանց արբանյակ ուժերին, Ռուսաստանին, այլ երկրներին և գրանտալափ ոհմակներին։

Նկատի ունենալով անհավասար մրցակցային պայմանները, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի գործադրման ծավալները, օտար պետությունների առաջնորդների միջամտությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում ոչ միանշանակ անցյալ ունեցած անձանց և ուժերի ընտրապայքարին անարգել մուտք գործելու հանգամանքը՝ սույն թվականի հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ և բացում ենք մեզ համար քաղաքական պայքարի բոլոր հնարավոր դռները՝ ժողովրդի իշխանությունը ապահովելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետական և Սահմանադրական հիմքերը պաշտպանելու համար։

Նկատենք, որ ի հեճուկս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրության արևմտամետ ակնկալիքների, 9-րդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված են լինելու բացառապես ռուսամետ քաղաքական ուժերը, ներառյալ կոմպլեմենտարիզմը դրոշակ դարձրած, մինչ ընտրական արդյունքների ամփոփումը հաղթանակ տոնած ուժը։

Մեզ սպասվում է դժվարին ուղի։

Միացե՛ք, հարգելիներ, միասին ուժեղանանք, համալրվենք և ամրանանք։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը և նրա հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը աներեր կամքով շարունակելու են պայքարել հանուն հայոց ինքնության, համազգային իղձերի, հայրենիքի և հավատի պահպանման համար։

Մնացե՛ք ոգով, մնացե՛ք ամուր, ժամանակի փորձությունների առաջ Արարատ լեռան նման հաստատ․ մեր պայքարը նոր է սկսվում, սիրելիներ։ Ամեն ինչ դեռ առջևում է»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի