ՔՊ-ից բացի խորհրդարան անցնելու շանս ունեցող ուժերից ուշադրության կենտրոնում է «Ուժեղ Հայաստանը», որի ամփոփիչ հանրահավաքը տեղի ունեցավ հունիսի 3-ին։ Հանրային դաշտում գերակշռող գնահատականն այն է, որ հանրահավաքը հաջող էր կազմակերպչական առումով, սակայն դրա իրական քաղաքական ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել հունիսի 7-ից հետո։
Այս թիմում դրականորեն աչքի է ընկնում «Հայաքվե» ազգային քաղաքական նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը։ Հանրահավաքում նրա ելույթի հիմնական ուղերձները վերաբերում էին անվտանգության, ինքնիշխանության, քաղաքական փոփոխության անհրաժեշտությանը։
Հանրահավաքի մասնակիցների շրջանում ելույթը հիմնականում ընկալվել է որպես վերջին ամիսներին քաղաքական գործչի կողմից առաջ քաշված թեզերի տրամաբանական ամփոփում։ Հատկապես դրական արձագանք են ստացել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախազգուշացումները, «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի շուրջ մտահոգությունները, ինքնիշխանության թեմաները։ Բազմաթիվ ընդդիմադիր ընտրողների համար Չալաբյանի ելույթը դիտարկվել է ոչ այնքան որպես առանձին քաղաքական հայտ, այլ որպես տարբեր ընդդիմադիր խմբերի համախմբման փորձ։
«Ուժեղ Հայաստանը» առաջին հայացքից քաղաքական ուժ չէ։ Այստեղ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չկան։ Խոսույթը մեծ մասամբ պոպուլիստական է։ Այս համապատկերում դրականորեն առանձնանում է նրանց միացած «Հայաքվեն» և Ավետիք Չալաբյանը։ Նա փողոցային պայքարի փորձառություն ունի։ Դիտորդական առաքելությունն ու օրենսդրական նախաձեռնության համար կազմակերպված ստորագրահավաքը նրան իրական ժողովրդականություն են ապահովել։ Նա սկզբունքային է, կարողանում է իր տեսակետներն ու դիրքորոշումները պարզ ու հասկանալի ներկայացնել հանրությանը։ Այս առումով նա կանխատեսելի գործիչ է, ինչը վստահություն է ներշնչում քաղաքացիներին և գործընկերներին։
Ոմանց կարծիքով՝ «Հայաքվեի» միանալուց հետո «Ուժեղ Հայաստանն» ամրացավ։ Այն մինչ այդ ամորֆ զանգված էր՝ ընդդիմադիր կեցվածքով, անորոշ հավակնություններով, ժողովրդահաճո խոսույթով, սոցիալական խոստումներով։ «Հայաքվեի» ներգրավումից հետո այս ուժի քաղաքական և գաղափարական դիրքորոշումները երանգ ստացան։
Ավետիք Չալաբյանի միանալուց հետո այս ուժն ամրացավ նաև կազմակերպչական առումով։ Եթե մինչ այդ ոմանք կասկած էին հայտնում, թե «Ուժեղ Հայաստանը» չի կարողանա փողոցային պայքար մղել, տեղերում կազմակերպել արդյունավետ թիմային աշխատանք, ապա Ավետիք Չալաբյանի միանալուց հետո այս հարցերում վստահությունն ամրապնդվեց։
Այս ամենը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ «Հայաքվեի» միանալու արդյունքում «Ուժեղ Հայաստանի» ողնաշարն ամրացավ։
Ընտրությունների ժամանակ ևս «Հայաքվեն» կարող է նպաստել «Ուժեղ Հայաստանի» հաջողությանը։ Դիտորդական առաքելության ժամանակ ձեռք բերած փորձառությունն այստեղ կիրառելի է։ Թիմում ներգրավված նորեկները ընտրություններին կազմակերպված մասնակցելու փորձառություն չունեն։ Եվ «Հայաքվեն» այս առումով կարող է մոդերատորի դեր կատարել։
Քաղաքական ուժերի համագործակցությունը գործնական հարթության վրա գնահատելի է առաջին հերթին ընտրազանգվածի առկայությամբ։ Բազմաթիվ կուսակցություններ սահմանափակ էլեկտորատ ունեն։ Այս առումով ևս «Հայաքվեի» ներգրավումը դրականորեն կանդրադառնա դաշինքի հաջողության վրա, քանի որ ստորագրահավաքի ժամանակ, դրան հաջորդած շրջանում, «Հայաքվեն» ձեռք է բերել կայուն էլեկտորատ, որը ռեալ կավելացնի «Ուժեղ Հայաստանի» քվեների քանակը և կապահովի նրա տեղը խորհրդարանում։
Կարճ ասած՝ «Ուժեղ Հայաստանի» կանխատեսելի հաջողությունը հունիսի 7-ի ընտրություններում որոշ առումով պայմանավորված է Ավետիք Չալաբյանի գործոնով։