«Սա մեր հերթական ակցիան է, բայց վերջինը չէ․ ակցիաները շարունակվելու են մինչև նախընտրական փուլի ավարտը։ Մենք ունենալու ենք բազմապիսի և բավական հետաքրքիր ակցիաներ, այնպես որ խորհուրդ կտամ հետևել։ Իսկ հասարակությանը խորհուրդ եմ տալիս գալ, նկարահանվել, որովհետև սա, հնարավոր է, վերջին «զահլան» լինի, որ տանելու են։ Չգիտեմ՝ որքան երկար կմնա այստեղ, բայց անգամ եթե տանեն, միևնույն է՝ դա արդեն սիմվոլիկ իմաստ կունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ եթե արձանը տեղափոխեն, դա ևս պետք է դիտարկել որպես խորհրդանշական գործողություն։
«Համարեք, որ մեր «զահլեն» տանելու են։ Պետական բյուջեով, ինչպես ժամանակին արձաններ են տարել, թող այս «զահլան» էլ տանեն։ Թող վերջին անգամ տանեն»,- նշեց նա։
Հարցին, թե արդյոք արձանը բերվել է այն գաղափարով, որ «ով տանի՝ վարչապետ դառնա», Կարապետյանցը պատասխանեց, որ նախաձեռնությունն ավելի խորքային նշանակություն ունի։
««Զահլա տանելը» հենց այն իրավիճակն է, որի մեջ մենք ապրել ենք 35 տարի։ Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունները ժողովրդի «զահլեն տարել են»։ Հետևաբար, այդ «զահլայի» մարմնավորումը պիտի այս երկրում ինչ-որ ձևով լիներ, և այս արձանը հենց այդ խորհրդանիշն է»,- ասաց նա։
Կարապետյանցի խոսքով՝ կարևոր չէ, թե ով կտանի արձանը, քանի որ հանրությունն արդեն գիտի, թե ովքեր են «զահլա տարել»։
«Ով կտանի արձանը՝ արդեն իրենք գիտեն։ Միգուցե իրենց շատ պետք լինի նաև տանը ունենալ այդ արձանը, ինչպես ժամանակին տարբեր արձաններ են պահել»,- նշեց նա։
Անդրադառնալով «թիվ 2» դնելու թեմային՝ նա ընդգծեց, որ գնահատականը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ հասարակությանը հիասթափեցրել են։
«Իհարկե, «2» ենք դնում զահլա տանողներին՝ լինի իշխանություն, լինի ընդդիմություն։ Տարբեր ժամանակների բոլորին նույն դասարանում ենք թողնում։ Սա քաղաքական գնահատական է»,- ասաց Կարապետյանցը։
Նա շեշտեց, որ ակցիան պետք չէ ընկալել որպես պարզ հումոր կամ կատակ։
«Շատերը փորձում են այստեղ միայն կատակ տեսնել, բայց սա շատ լուրջ քաղաքական ակցիա է։ Ես խնդրում եմ ավելի լուրջ վերաբերվել դրան։ Սա շատ ավելի լուրջ է, քան միմյանց վիրավորելը, «համբալ» անվանելը, միմյանց նկատմամբ բռնության կոչերը, «սատկացնելու» խոսույթը կամ այլատյաց հռետորաբանությունը։ Մենք փորձում ենք նոր մշակույթ բերել և հույս ունենք, որ այն ավելի ընդունելի կլինի, քան այն մշակույթը, որի ականատեսն ենք եղել 35 տարի շարունակ»,- նշեց նա։
Հարցին, թե ինչ կլինի արձանի ճակատագիրը, եթե «թիվ 2»-ը հաղթի, Կարապետյանցը պատասխանեց, որ դա արդեն ժողովրդի որոշելիքն է։
«Կան սիրված արձաններ, կան չսիրված, կան պաշտոնական ու ոչ պաշտոնական խորհրդանիշներ։ Շատ հնարավոր է՝ ժողովուրդը սիրի մեր «զահլայի արձանը» և որոշի պահել այն, որպեսզի այլևս երբեք այս «զահլեն» չկրկնվի։ Բայց արձանի ճակատագիրը մեր իշխանություն լինել-չլինելու հետ կապ չունի․ այստեղ որոշողը ժողովուրդն է»,- եզրափակեց Նինա Կարապետյանցը։