Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 16:00 26-05-2026

Oragir.News-ը Փաշինյանի տապալման ռուսական «պլանում» անելիք չունի

Oragir.News լրատվականը մեծ լսարան է վաստակել, քանի որ հավատարիմ է լրագրողի կոչմանն ու մամուլի առաքելությանը։ Ինչպես վայել է ազատ մամուլին, Oragir.News-ը ատելություն չի քարոզում, երկպառակություն չի սերմանում, հանդես է գալիս անկախության ու ժողովրդավարական արժեքների, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության դիրքերում։

Նրա դռները բաց են բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումից, անցյալից ու հավակնություններից։

Oragir.News-ը ո՛չ արևմտյան, ո՛չ ռուսական հիմնադրամներից դրամաշնորհներ չի ստանում։ Բայց ինչ-որ «Хроника Кавказа» caucasus-chronicle.com կայք հրապարակում է արել, թե Oragir.am-ը ներգրավված է ռուսական ինչ-որ պլանում։

Մայիսի 24-ին ռուսալեզու այս կայքում հրապարակված «План свержения Пашиняна: Слитые документы российских спецслужб о смене власти в Армении» վերտառությամբ հոդվածի աղբյուրը, իբր, եղել է ռուս հետախուզության աշխատակցի գործող բջջային հեռախոսը, որը հաջողությամբ կոտրվել է։ Այսինքն՝ արտահոսք է տեղի ունեցել ռուսական հատուկ ծառայության աշխատակցի հեռախոսից, ինչի արդյունքում կայքը ձեռք է բերել փաստաթղթերի բացառիկ հավաքածու, որոնք բացահայտում են Հայաստանում հունիսի 7-ի ընտրություններին ռուսական միջամտության ծրագրեր։

Այս հորինվածքի վրա կարելի է բարձր ծիծաղել և բանի տեղ չդնել, ինչպես ծիծաղել են։ Սակայն, հաշվի առնելով, թե ինչ հորինվածքներով ու բլեֆներով է ուղեկցվում ԱԺ քարոզարշավը, հարկ է լուրջ արձագանքել այս հրապարակմանը։ Մանավանդ, որ ռուսական միջամտության դեմ պայքարող միակ զինվորն է իր էջում տեղեկացրել այս մասին։

Հրապարակման մեջ նշված է, թե Մոսկվան մտադիր է ՀՀ ԱԺ ընտրություններին միջամտելով տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և վարչապետ կարգել Սամվել Կարապետյանին։ Եթե ՀՀ իրավապահն այս հեղաշրջման պլանը լուրջ ընդուներ, ապա երեկ արդեն կդիմեր ԿԸՀ՝ միջնորդելով կասեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին։ Եթե դա չեն արել մինչև հիմա, նշանակում է՝ այս հրապարակումը հորինվածք է՝ սուտլիկ որսկանի պատմությունների շարքից։

Հիշեցնենք՝ 2025-ի հունիսի 25-ին Փաշինյանը հրապարակավ խոստովանել է, որ 2018-2022 թվականներին եղել է ֆորպոստի վարչապետ։ Շատերն են հիշում, թե ինչպես 2018-ին ռուսների միջնորդությամբ տապալվեց Սերժ Սարգսյանի իշխանությունը, և վարչապետ կարգվեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելի խորացնելով ռուսական ազդեցությունը Հայաստանում։ Ներկայում էլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով հայտարարել է, թե հայ-ռուսական օրակարգն անխախտ է պահելու և ոչինչ չի անելու ռուսական շահերի դեմ։ Նա նույնիսկ Հունիսի 14-ին հիշատակի որևէ խոսք չի ասում խորհրդային բռնազավթման տարիներին սպանված ու բռնադատված հարյուր հազարավոր հայերի հիշատակին՝ հավանաբար ռուսներին անհանգստություն չպատճառելու համար։ Չնայած ընդունված օրենքին՝ ՔՊ-ն ԵՄ-ին միանալու հայտ չի ներկայացնում։ Նույնիսկ ռուսական զորքերը դուրս հրավիրելու հարց չի քննարկվում։

Ենթադրելի է, որ քանի դեռ Փաշինյանը շարունակում է այս տեմպով սպասարկել ռուսական հետաքրքրությունները, ապա ռուսները նրան գահընկեց անելու խնդիր չպիտի ունենան։ Եվ ուրեմն՝ ինչո՞ւ են հորինել, թե ռուսները Փաշինյանին տապալելու պլան են մշակել։

«Хроника Кавказа» կայքի գլխավոր դեմքը ադրբեջանցի լրագրող է։ Կայքը բացվել է մեկ տարի առաջ՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Լավրովն այցելեց Երևան։ Հիշենք, որ մոտ մեկ տարի առաջ Լավրովն այցելեց Երևան՝ ենթադրաբար Փաշինյանի հետ քննարկելու Փաշինյանի վերընտրվելու պլանը, որից մի քանի շաբաթ անց Սամվել Կարապետյանը ձերբակալվեց։ Եվ հիմա, երբ Փաշինյանի և ռուսների համատեղ ջանքերով Սամվել Կարապետյանը դարձել է ՔՊ-ի գլխավոր մրցակիցը, ադրբեջանցի լրագրողի կայքը հրապարակում է Փաշինյանին տապալելու մասին ինչ-որ կասկածելի արտահոսք։

Համադրելով այս տվյալները՝ ենթադրելի է, որ այս հրապարակումը պատրաստվել է Փաշինյանի կամ ռուսների պատվերով։ Այսպես ՀՀ անկախության ու ժողովրդավարության ջատագով ուժերին, ազատ ժողովրդավարական երկրներին ցույց կտան, թե ռուսներն ուզում են Փաշինյանին տապալել։ Այս տպավորության տակ ՔՊ-ն կշահի անկախականների ու ժողովրդավարների քվեները, ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը, ինչը գուցե որոշիչ նշանակություն կունենա հունիսի 7-ին։ ԵՄ աջակցությամբ ռուսամետ կուրս վարող Փաշինյանը կվերընտրվի որպես չարյաց փոքրագույն՝ համեմատած առավել վառ ռուսամետների։ Արյունքում՝ կշահեն և՛ ԵՄ-ն, և՛ ռուսները, և՛ ռուսների հուսալի գործընկեր Փաշինյանը։

Զարմանալի է, որ հիշյալ հրապարակման մեջ նշված լրատվամիջոցների շարքում ներառել են նաև Oragir.am-ը (նույն Oragir.News-ն է), որն իբր այս պլանում ինչ-որ դեր է ունենալու։ Ժողովրդական լեզվով ասած՝ «շառ են անում»։ Սա այն պարագայում, երբ Oragir.News-ն հաճախակի է հարթակ տրամադրում անկախության ու ժողովրդավարության ջատագովներին։ Oragir.News-ը երբեք միակողմանի, առավել ևս՝ ռուսամետ դիրքորոշում չի արտահայտել։ Oragir.News-ը միակ կայքն է, որն ամբողջությամբ լուսաբանում է Հունիսի 14-ը՝ Բռնադատվածների հիշատակի օրը, ինչը կազմակերպված բոյկոտում են Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական և ռուսամետ լրատվականները։ Oragir.News-ը նաև միակ կայքն է, որտեղ խորհրդային ժամանակաշրջանը բնորոշվում է որպես խորհրդային բռնազավթման տարիներ, ինչպես բնորոշում են խորհրդային բռնազավթումից ազատագրված Արևելյան Եվրոպայի երկրներում, Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայում, Ուկրաինայում, Վրաստանում և այլուր։

Ի սեր ճշմարտության՝ հարկ է նաև նշել, որ Oragir.News-ը հետևողականորեն քննադատում է Փաշինյանի և ՔՊ-ական այլ չինովնիկների անգործությունը, ապաշնորհությունն ու անպատասխանատվությունը։ Բայց սա անում է ի շահ ՀՀ քաղաքացու ու քաղաքացիական հասարակության՝ առանց թույնի, ելնելով ազատ մամուլի առաքելությունից։ Հավանաբար՝ հենց Փաշինյանին ու ՔՊ-ական չինովնիկներին քննադատելն է եղել պատճառը, որ «Хроника Кавказа» կայքի հրապարակման մեջ ներառվել է նաև Oragir.am-ը։ Ենթադրելի է նաև, որ հորինվածքին արժանահավատություն հաղորդելու համար են ներառել Oragir.am-ը։

Այսու՝ Oragir.News-ը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ որևէ տապալման պլանում անելիք չունի, որևէ քաղաքական ճամբարում ներգրավված չէ, քաղաքական որևէ հավակնություն չունի, ռուսամետ ուղղվածություն չունի, անկախության և ժողովրդավարության նվիրյալ ջատագով է։

Եվ Oragir.News-ը շարունակելու է քննադատել իշխանություններին, նրանց վարած ռուսամետ քաղաքականությունը, գործելաոճը, անպատասխանատվությունը, ապաշնորհությունը, սակավագիտությունը, ապաքաղաքական վարքը, հակաժողովրդավարական քայլերը՝ ի շահ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և ժողովրդի ազատության։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել