Ներքին 5 ամիս առաջ - 09:37 23-05-2026

Թալիշում ոչ ֆորմալ ինստիտուտ էր գործում՝ «ձեդո-բաբոների». չկար զինվոր, որ ինչ-որ ընտանիքի հետ կապված չլիներ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Թալիշում ծառայած զինվորները լավ գիտեն, թե ինչպիսի առանձնահատուկ հարաբերություններ էր ձևավորված զինվորների և թալիշցիների միջև:

Գյուղում ոչ ֆորմալ ինստիտուտ էր գործում` «ձեդո-բաբոների»: Երևի չկար զինվոր, որը ինչ-որ ընտանիքի հետ կապված չլիներ. գնալ-գալը, սուրճ խմելն ու տնական հաց ուտելը յուրօրինակ ավանդույթ էր:

Ես էլ այդպիսի Բաբո ունեի` Վանքի Բաբո էին ասում. տունը գյուղի եկեղեցու կողքին էր:
Գյուղում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականը մոմերը Բաբոյի մոտ էր թողնում, իսկ Բաբոն նաև եկեղեցուն էր «տիրություն» անում` մաքրում և պահպանում:

Իմ կապն էլ Վանքի Բաբոյի հետ Եկեղեցի գնալ-գալով ձևավորվեց: Հաճախ էի այցի գնում, սուրճն ու հացը ճաշակում:

Զորացրվելուց հետո էլ այցելեցի: Աննկատ գումար թողեցի սեղանին ու հրաժեշտ տվեցի` հետևիցս եկավ: Ասեց` ի՞նչ ես անում, ասեցի` այդքան եկել եմ` սիրտս այդպես թելադրեց:

Նեղացավ:

Հետ տվեց գումարը, ասեց մի քիչ հետո կգաս ճաշելու: Ներողություն խնդրեցի, ասեցի չեմ կարող, շտապում էի: Ասեց` դե սպասի: Գնաց տուն, մի 5 րոպեից հետ եկավ: Տոպրակ տվեց` միրգ, ընկույզ, չրեղեն, բարի ճանապարհ մաղթեց:

Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Երեկ տեսա, որ թալիշցիների խմբում գրել էին, որ Ագնեսա տատիկը` Վանքի Բաբոն, մահացել է:

Թալիշի հետ կապված բոլոր պատմությունները աչքիս առաջ եկան` ծառայությունից մինչև մարդկային անմոռանալի, պարզ, անկեղծ հարաբերություններ:

Բաբոն գնաց` կարոտը սրտում` հայրենի Թալիշից հեռու: Հոգեվիճակ, որն այսօր ուղեկցում է բոլոր արցախցիներին, ովքեր արմատներով խրված էին հողում, սակայն արմատախիլ արվեցին:

Գնացի Չարենցավան` հոգեհանգստի, լուռ հրաժեշտ տալով ինձ ջուր, հաց և Բաբոյի ջերմություն փոխանցած մարդուն:

Վանքի Բաբոն արցախցիների հավաքական կերպարն էր` հայրենի հողը սիրող, հյուրասեր, մարդկային ու միշտ պատրաստակամ:

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով»:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում