Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 13:00 16-05-2026

Մարտի 1-ը դատարկ շահարկելն ազնիվ չէ. աղ մի լցրեք վերքի վրա

Իշխանությունը բթացնում է։ Մարդուն կարող է թվալ, թե սուպեր ուժ ունի, ամեն ինչ կարող է, իրեն ամեն ինչ թույլատրված է, կարող է պատժել՝ ում ուզենա և այլն։ Այս դեպքում առաջանում է ժողովրդավարության քայքայման ռիսկ։

«Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է։ Եվ նա պետք է պատասխան տա, միանշանակ»,- մայիսի 14-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա պնդել.- «Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»։

2018-ից ի վեր այս թեման անվերջ պտտվում է, թարմանում է նախընտրական շրջանում, մոռացվում ընտրությունների հաջորդ օրը։ 2021-ին, երբ գլխավոր ընդդիմադիր էր կարգվել Ռոբերտ Քոչարյանը, Մարտի 1-ի թեման աշխուժորեն շահարկվում էր։ Փաշինյանը խոստանում էր բացահայտել գործն ու պատժել մեղավորներին, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն այս խոստումը չկատարվեց։ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է, Մարտի 1-ի դեպքով նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի վճռով։ Այս առումով կարելի է ասել, որ Փաշինյանը պարզապես դատարկ շահարկում էր Մարտի 1-ի և դրանում Քոչարյանի մեղավորության թեման։

Ինչո՞ւ Փաշինյանը 2021-ին տված այս խոստումը 5 տարում չի կատարել ու հիմա է հիշում այդ մասին։ Ինչո՞ւ են Մարտի 1-ի մասին հիշում միայն նախընտրական շրջանում։ Եթե Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, ապա ինչո՞ւ են դրսում մեղավոր փնտրում։ Եվ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, թե ինքն է որոշում, թե ով պետք է նստի։

Նախ՝ բոլորը գիտեն, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված չէ։ Օրինակ՝ պարզվե՞լ է, թե ովքեր են կրակել ու սպանել մարդկանց, ովքեր էին այն օտարերկրյա դիպուկահարները, որոնք տանիքներից կրակում էին ցուցարարների ուղղությամբ։ Ո՞ւմ հրամանով էին դիպուկահարները կրակում ցուցարարների վրա։

Մարտի 1-ի դեպքի առթիվ փաստահավաք է տեղի ունեցել, որին ներգրավվել են քաղհասարակության ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, օրվա իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ։ Նրանց կարծիքով՝ Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է։ Օրինակ՝ ՀԱԿ-ի կարծիքով՝ բացահայտվա՞ծ է։

Կա տարբեր ընկալում այս իրադարձության վերաբերյալ։ Ոմանց կարծիքով՝ Մարտի 1-ը հիշարժան է, քանի որ աննախադեպ մեծ ծավալով անկարգություններ, հասարակական կարգի խախտումներ են տեղի ունեցել, թալանվել են խանութներ և այլն։ Ոմանք էլ կարծում են, թե Մարտի 1-ն ուշագրավ է ուժայինների ներգրավման ծավալով, մասնավորապես՝ տանկերի առկայությամբ։ Մարդկանց մի մասի կարծիքով էլ՝ Մարտի 1-ը 10 քաղաքացու սպանության գործն է, որը սպառիչ պատասխան չի ստացել։ Օրինակ՝ զոհերի հարազատները գիտե՞ն, թե իրենց հարազատին ով է սպանել, ո՞ւմ հրամանով։ Այդ սպանողների ու հրաման տվողների շարքում Ռոբերտ Քոչարյանի անունը կա՞։ Եթե չկա, ապա ի՞նչ մեղադրանքով պետք է նախկին նախագահը դեպքից 18 տարի անց նստի։ Այդ ի՞նչ նոր հանգամանք կամ ապացույց են գտել 18 տարի անց։

Մարտի 1-ն իրականում իշխանության համար պայքար էր, որում ներգրավված էին ոչ միայն քաղաքացիներն ու ուժայինները, այլև արտաքին ակտորները։ Հետևապես՝ երբ ասում են, թե Մարտի 1-ը բացահայտված է, ապա հարց է առաջանում՝ պարզե՞լ եք, թե ինչ ներգրավվածություն են ունեցել, օրինակ, ռուսական հատուկ ծառայությունները։ Մասնավորապես՝ ցուցարարների ուղղությամբ կրակած օտարերկրյա դիպուկահարները ռո՞ւս էին։ Ընդհանրապես՝ պարզվե՞լ է, թե արտաքին ակտորներից ով էր աջակցում Լևոն Տեր-Պետրոսյանին, ով՝ Սերժ Սարգսյանին։ Եթե երկուսին էլ աջակցում էին ռուսները, ապա ինչո՞ւ էին Մարտի 1 սարքում։

Կարճ ասած՝ Մարտի 1-ը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումներով բացահայտված չէ։ Չպարզված հարցերն ու դրվագները բազմաթիվ են։ Ուստի՝ այս ցավոտ հարցը նախընտրկան շոուի մաս դարձնելն ու վերստին դատարկ շահարկելն ազնիվ չէ։ Դա վերքի վրա աղ լցնելու նման է։ Զոհերի և տուժածների նկատմամբ այսպիսի անհարգալից վերաբերմունքը արդարացի չէ։ Եվ անկախ այն բանից, թե ով է իրականում մեղավոր և ով պետք է նստի, Փաշինյանը պարտավոր է տարրական հարգանք ցուցաբերել արդարադատության հանդեպ, հրապարակավ չարհամարհել դատարանի անկախությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան